Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու մասին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների որոշ շրջանակների հայտարարությունները սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, եւ անհարժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների հայտարարությունները Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը իր ելույթի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանում բացի գործող կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող եւ եթե որեւէ մեկը իրեն հայտարարում է, որպես կառավարություն, ապա դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է ստեղծում։