Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «լուծարելու մասին» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախահայերին փրկելու միակ միջոցն էր։ Այս մասին ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
«Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս հեռու լինի մարտական գործողություններից»,-ասել է Արցախի վերջին նախագահը՝ ներկայացնելով 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները։
Շահրամանյանի խոսքերով շուրջ տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո հաջողվել է դադարեցնել մարտական գործողությունները։
«Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,-հավելել է նա։
Նշելով, ներկայումս Լեռնային Ղարաբաղում մնացել է 10-11 հայ է, Շահրամանյանը հավելել , որ նրանք հիմնականում «հաշմանդամ կամ հիվանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ»:
Նրա խոսքերով 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի տեղահանումից հետո այնտեղ մնացած արցախցիների թիվն ավելի մեծ էր, սակայն հետագայում տասնյակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ, նույնպես նախընտրել են Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել Հայաստան։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երեւանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը, դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները կամավոր հիմունքներով մնում են իրենց զբաղեցրած պաշտոններում»։
Անդրադառնալով արցախահայերի հնարավոր վերադարձի թեմային Շահրամանյանը ընդգծել է, որ ներկա պահին դա անիրատեսական է։
«Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի եւ Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի եւ հնարավոր դառնա հարեւանների միջեւ խաղաղ գոյակցությունը»,-ասել է Արցախի վերջին նախագահը։