Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը եռօրյա այցով ուղեւորվել էր Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (Հյուսիսային Կորեա)։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական KCNA գործակալությունը (Կորեայի կենտրոնական լրատվական գործակալություն), որը այնուհետեւ հաստատել է ՌԴ ԱՀԾ-ն։
Այցը տեղի է ունեցել ԿԺԴՀ-ից Ռուսաստան զինամթերքի եւ Ռուսաստանից ԿԺԴՀ նավթի մատակարարումների մասին տեղեկությունների ֆոնին, ինչը հանդիսանում է միջազգային պատժամիջոցների կոպիտ խախտում:
Ինչպես ասվում է KCNA-ի հաղորդագրության մեջ, այցը տեղի է ունեցել մարտի 25-27-ը, որի ընթացքում կողմերը «միմյանց հակիրճ ներկայացրել են Կորեական թերակղզու եւ Ռուսաստանի շուրջ տիրող միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ տեսակետները, ինչպես նաեւ լայնորեն եւ լրջորեն քննարկել են գործարար հարցեր՝ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար՝ ի պատասխան թշնամական ուժերի դավադրությունների»։
Մեկ այլ հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ ԿԺԴՀ-ից բանակցությունների համար Մոսկվա է ուղեւորվել արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չեն Հոն։
ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ «Փհենյանում մանրամասն բանակցություններ են վարվել ԿԺԴՀ-ի պետական անվտանգության նախարար Լի Չանգ Դայի հետ։ Քննարկվել են միջազգային իրավիճակի զարգացման, տարածաշրջանային անվտանգության ապահովման, ռուս-հյուսիսկորեական փոխգործակցության խորացման արդիական հարցեր՝ արտաքին ուժերի կողմից ճնշումներն ուժեղացնելու փորձերի համատեքստում»։
Օրերս Financial Times պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը վերսկսել է նավթի ուղիղ մատակարարումները Հյուսիսային Կորեա՝ չնայած Փհենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Հրատարակության տվյալներով՝ նավթի մատակարարումները սկսվել են մարտի 7-ին, սա ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմանումից ի վեր փաստաթղթավորված առաջին մատակարարումն է: