Ամերիկացի պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին չեն փոխանցել մերձմոսկովյան «Crocus City Hall»-ում ծրագրված ահաբեկչության մասին ամբողջական տվյալները։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Ըստ պարբերականի ամերիկյան հետախուզության նման գործելակերպի պատճառը Վաշինգտոնի այն մտավախություններն են, որ Մոսկվան կարող է բացահայտել ամերիկյան հետախուզական ծառայությունների տեղեկատուներին եւ նրանց հետախուզական մեթոդները։
«Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ թշնամական հարաբերությունները թույլ չեն տվել ԱՄՆ-ին այլ տեղեկություններ տրամադրել ահաբեկիչների ծրագրի մասին՝ վախենալով, որ ռուսական իշխանությունները կարող են իմանալ հետախուզական աղբյուրները կամ մեթոդները»,-գրում է պարբերականը։
Աղբյուրները նաեւ ենթադրել են, որ Ռուսաստանում մարտի սկզբին տեղեկատվություն ստանալով առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչական հարձակման բարձր ռիսկի մասին, կարող էին հիմնականում կենտրոնանալ ժամանակի վրա, եւ երբ հարձակումը տեղի չի ունեցել այս ժամանակահատվածում ռուսական կողմը նախազգուշացումներին թերահավատորեն է սկսել վերաբերվել։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները The New York Times-ին ընդգծել են, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետեւում է «Իսլամական պետություն» գործունեությանը վերջին ամիսներին։ Աղբյուրները նշել են, որ իրականացրած մոնիթորինգի ընթացքում, որը ներառում էր էլեկտրոնային գաղտնալսումներ, տեղեկատուներ եւ այլ միջոցներ, ամերիկայն հետախուզությունը բավականին մանրամասն տեղեկություններ է ստացել Ռուսաստանում նախապատրաստվող ահաբեկչության ծրագրերի մասին։