Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական կաբինետի անդամներին հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն: Այս մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ պատվիրակության անդամները ամերիկացի գործընկերների հետ կքննարկեն Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությունների հարցը։
Իսրայելի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատվիրակություն ուղարկելու մասին տեղեկությունը։
Մարտի 19-ին թերթը հայտնել էր, որ Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքով, Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին եւ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիին կուղարկի Վաշինգտոն՝ Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում սպասվող ռազմական գործողության հետ կապված հարցերը քննարկելու համար։
Սակայն, մարտի 25-ին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը ընդունեց Գազայի հատվածում Ռամադան ամսին կրակի անհապաղ դադարեցման մասին բանաձեւը, որը հնարավոր էր եղել ԱՄՆ-ի կողմից վետո չդնելուց հետո, Նեթանյահուն հայտարարեց, որ չեղարկել է իսրայելական պատվիրակության Վաշինգտոն ուղարկելու մասին որոշումը։
Մարտի 27-ին Նեթանյահուն հայտարարեց, որ Գազայի հարցով պատվիրակություն չուղարկելու իր որոշումը ազդանշան է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որ Իսրայելը չի ենթարկվի «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճնշումներին»։
Իսրայելի վարչապետի խոսքերով, ԱՄՆ դիրքորոշումը «ոգեշնչել է ՀԱՄԱՍ-ին կոշտ դիրքորոշում ընդունել [բանակցություններում] եւ հավատալ, որ միջազգային ճնշումը թույլ չի տա Իսրայելին ազատ արձակել պատանդներին եւ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը»: