ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր եռօրյա այցով մեկնել է Մերձավոր Արեւելք: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի ուղևորությունը Մերձավոր Արեւելք կազմակերպված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարականով:
Պետքարտուղարը նախ կայցելի Երուսաղեմ, որտեղ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի եւ վարչապետ Բենիամին Նեթանյաուհի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ բանակցություններ կվարի:
Բլինքենը այնուհետեւ կմեկնի Հորդանան գետի արեւմտյան ափ՝ Հորդանանի պաղեստինյան Ռամալլա քաղաք, որտեղ կհանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի եւ վարչապետ Մուհամեդ Շթայեի հետ:
Պետքարտուղարը այնուհետև կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք՝ նախագահ Աբդելֆաթահ աս Սիսիի եւ ԱԳՆ ղեկավար Սեմիհ Շուքրիի հետ բանակցություններ վարելու:
Շրջագայությունը կավարտվի Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Այստեղ նա բանակցություններ կվարի Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդի եւ ԱԳՆ նախարար Այման աս Սաֆադիի հետ:
Սա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի ուղեւորությունն է Մերձավոր Արեւելք իսրայելա-պաղեստինյան վերջին բախումներից հետո:
Ավելի վաղ Բլինքենը հայտնել է, թե Միացյալ Նահանգները կսատարի պաղեստինցիներին Գազայի ավերված շենքերը եւ ենթակառուցվածքները վերականգնելու հարցում:
Բայդենի վարչակազմը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան երկարատեւ հակամարտության արդյունավետ կարգավորման միակ ուղին երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի խաղաղ համակեցությունն է:
Մայիսի 10-ին սկսված եւ մայիսի 21-ին Եգիպտոսի միջնորդությամբ ավարտված ռազմական առճակատման ընթացքում սպանվել է ավելի քան 250 մարդ, զոհերի մեծ մասը Գազայի հատվածից են: Կա ավելի քան 1,5 հազար վիրավոր:
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազային, որտեղից պաղեստինցի զինյալները հարյուրավոր հրթիռներ են արձակել հրեական ավանների ուղղությամբ: