ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումները, թե ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանը քննարկվելու է Երեւանին «անվտանգության երաշխիքների» տրամադրման հետ կապված հարցեր։
«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այն ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից բացի այլ հարցեր չի շոշափելու։ Այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության բանակցություննեի հետ կապված հարցեր չեն քննարկվելու։ Ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանի տնտեսության կայունությունը եւ այդ երկրի հետ երկկողմ համագործակցությունը»,-ասել է Ստանոն։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կիսում են Հայաստանի ու տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը։ Ստանոյի խոսքերով հանդիպումը հնարավորություն է Հայաստանի հետ քննարկելու համագործակցության խորացումը՝ տնտեսության ամրապնդման նպատակով, որի հիմքը կազմելու է ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերությունը:
«Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս։ Մեր ջանքերն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, այլ ուղղված են ողջ տարածաշրջանի կայունությանը եւ նրա շահերին»,-ասել է Ստանոն։
Հիշեցնենք, որ այսօր նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էր ընդգծել, որ հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա եւ չի ներառելու այլ հարցեր։