Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազայի եւ ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին «РИА Новости»-ի փոխանցմամբ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով «Հայաստանի բարեկամների ցանցի» զեկույցի դրույթները, որը պատրաստվել էր Դանիայի նախկին վարչապետ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի գլխավորած խումբը։
«102-րդ Ռուսական ռազմակայանի եւ ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը»,-ասվում է ռուսական լրատվականի կողմից մեջբերվող հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» վերնագիրը կրող զեկույցի մեջ ներառված անվտանգության առաջարկները «հակասում են ողջախոհությանը»։
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Եվրամիությունը Երեւանին դիտարկում է միայն որպես ռեսուրսների եւ շահույթի աղբյուր։
«Քանդելով սեփական տնտեսությունները՝ հրաժարվելով ռուսական գազից, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդականները հայերին պարտադրում են նույն փակուղային ճանապարհը՝ ի լրումն դրդելով նրանց փոխանակել իրական միջուկային էներգիան չձեւավորված վերականգնվող էներգիայի հետ»,-նշվում է հայտարարության մեջ։
Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության, զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ տարածաշրջանային անկայունության թուլացումը պատճառ կդառնա ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի համար՝ ամրապնդելու իրենց դիրքերը Հայաստանում։
«РИА Новости»-ի մեջբերած փաստաթղթում նաեւ նշվում է, որ զեկույցը «ցինիկաբար հրահրում է հակառուսական, հակաադրբեջանական եւ հակաթուրքական ֆոբիաներ, որոնք ուղղված են ժողովուրդներին պառակտելուն, այլ ոչ թե հաշտեցնելուն»: