Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբեւէ մոտ են խաղաղությանը: Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Մենք ապահովել ենք խաղաղությունն ու անվտանգությունը։ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ավելի քան երբեւէ մոտ են խաղաղությանը։ Վերջին վեց ամիսները հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների պատմության ամենահանգիստ ժամանակաշրջաններից են։ 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո։ Այս խումբը, որի համանախագահներն էին նաեւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, գործնականում անարդյունավետ էր։ Այսօր խաղաղությունն ավելի մոտ է, քան երբեւէ»,-ասել է Հաջիեւն ու ավելացրել, որ տարածաշրջանում փաստացի խաղաղություն է տիրում։
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերով Ադրբեջանն ու Հայաստանը լավ առաջընթաց ունենք նաեւ խաղաղության պայմանագրի հարցում:
«Բայց Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում: Այն ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Փարիզում: Հարավային Կովկաս տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի երկու երկրի միջեւ»,-նշել է Հաջիեւը։