Ադրբեջանի վարչապետ Ասադովն ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Յիլմազին: Վերջինս, ըստ պաշտոնական վարկածի, Բաքվում է՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական գործարար խորհրդաժողովի, որ հրավիրվել է միասնական ներդրումային հիմնադրամ ստեղծելու նպատակով: Թուրքիան եւ Ադրբեջանը առեւտրա-տնտեսական լուրջ կապեր ունեն, այստեղ արտառոց ոչինչ չկա:
Բայց դա՝ միայն առաջին տպավորությամբ:
Ասադով-Յիլմազ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նրանք քննարկել են նաեւ «Կուր եւ Արաքս գետերի ավազանը պահպանելու, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու հետ կապված հարցեր»: Կուրը եւ Արաքսը թուրք-ադրբեջանական գետեր չեն կամ միայն թուրք-ադրբեջանական չեն՝ եթե պատմական աշխարհագրությունը թողնենք հանգիստ եւ հիմք ընդունենք առկա իրավաքաղաքական իրողությունները:
Կուրը սկիզբ է առնում ներկայիս Թուրքիայի տարածքում, անցնում Վրաստանով, նոր միայն մտնում Ադրբեջան: Արաքսը նույնպես սկզբնավորվում է ներկայիս Թուրքիայի տարածքում, հոսում է Հայաստանով, Ադրբեջանի տարածքում խառնվում Կուրին ու թափվում Կասպից ծովը:
Արաքսը նաեւ սահմանային գետ է Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Իրանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Զուտ իրավական առումով Կուրի եւ Արաքսի ավազանը, ջրային եւ այլ պաշարները պատկանում են Թուրքիային, Վրաստանին, Հայաստանին, Իրանին եւ Ադրբեջանին:
Այստեղից հետեւում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարող Կուրի եւ Արաքսի ավազանի պահպանման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցում երկկողմ որեւէ նախագիծ ոչ միայն իրացնել, այլեւ անգամ քննարկել-նախանշել:
Արդի աշխարհում մրցակցություն կա ոչ միայն էներգակիրների տիրապետման, արդյունահանման եւ տարանցման ուղիների, այլեւ մաքուր ջրի պաշարների համար: Կուրի եւ Արաքսի վերաբերյալ թուրք-ադրբեջանական քննարկումների մասին տեղեկատվություն է հրապարակայնացվում մի փուլում, երբ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցություններում, մեղմ ասած, անորոշություն է:
Սա ինքնին հավելյալ մարտահրավերի տպավորություն է թողնում: Հատկապես եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանը նպատակադրվել է վերածվել այսպես կոչված՝ «կանաչ էներգիա» արտահանող երկրի, իսկ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Արեւելյան Զանգեզուրում» կսկսի ՀԷԿ-երի կառուցման «ռազմավարական նշանակության ծրագիր իրագործել»:
Արաքսը սնուցող ջրային պաշարների մի զգալի մասը հոսում է Հայաստանից եւ անցնում այն տարածքներով, որտեղ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացված չէ:
Չի՞ հետեւում, արդյոք, որ Կուրի եւ Արաքսի ավազանի մասին խոսելիս Թուրքիան եւ Ադրբեջանը նկատի են ունենում նաեւ ջրային այն պաշարները, որ Կուր եւ Արաքս են հասնում Հայաստանի տարածքով: Այդ հարցը հայ-ադրբեջանական, հայ-թուրքական բանակցություններում առհասարակ շոշափվե՞լ է: Եթե չի շոշափվել, ապա պետք է պատրաստ լինել, որ մի փուլում Ադրբեջանը կարող է այն բերել օրակարգ:
Ի՞նչ արձագանք կգտնի Կուր-Արաքսյան թուրք-ադրբեջանական նախաձեռնությունը Վրաստանում: Հնարավո՞ր է տարածաշրջանի մաքուր ջրի պաշարների, բնապահպանական եւ օգտագործման հարցերով հասնել Թուրքիա-Հայաստան-Իրան-Վրաստան-Ադրբեջան լայն համաձայնության:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։