Վերջին շրջանում փորձ է արվում վարչապետ Փաշինյանի միակողմանի զիջումները արդարացնել ու հիմնավորել լեւոնական աշխարհայացքով եւ մեթոդաբանությամբ։
Որպես հիմք դիտարկվում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաբերած հայտնի ձեւակերպումը․ «Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ: Մասը պահողները, փրկողները, հռչակվում են դավաճաններ: Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ․․․»։
Առաջին հայացքից սա տրամաբանական թվացող համեմատություն է, քանի որ խնդրո առարկայից անտեղյակ մարդիկ կարող են կարծել, թե ռացիոնալ այս ծրագիրը կիրառելի է միշտ եւ ցանկացած իրավիճակում։ Բնականաբար սա մոլորություն է։ Իրերի իրական կարգի եւ դասավորության մեջ խորանալու պարագայում հասկանում ենք, որ գործ ունենք մանիպուլյացիայի եւ ձեւախեղման հետ։
Առաջին նախագահի այս ծրագիրը վերաբերվում է կոնկրետ դեպքի եւ իրավիճակի, որն է՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Ինչպես իմ, այնպես էլ բազմաթիվ այլ անհատների կողմից բազմիցս շեշտադրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով բանակցությունները եւ Ադրբեջանի միակողմանի պահանջների բավարարումը չի կարելի նույնացնել։ Դրանք իրարամերժ եւ հակոտնյա գործընթացներ են։
Առաջինը պետության արտաքին քաղաքականությունը մոդելավորող փիլիսոփայություն էր, որը խարսխված էր միջազգային ատյանի միջնորդության վրա, ուներ խաղի կանոններ եւ ճանապարհային քարտեզ։ Դրա առանցքում փոխզիջման գաղափարն էր, որի համաձայն Ադրբեջանին էին հանձնվում գրավյալ տարածքները, փոխարենը Արցախը մնում էր հայկական եւ պահպանում իր ինստիտուցիոնալ, վարչաքաղաքական ամբողջությունը։
Իսկ երկրորդը Փաշինյանի եւ Ալիեւի բարդ ու ջղաձիգ միջանձնային փոխհարաբերությունների պարզ դրսեւորումն է, երբ հաղթողն իր միահեծան կամքն է պարտադրում պարտվողին։ Այստեղ չկան խաղի կանոններ ու զարգացումները կախված են տարածաշրջանային զարգացումներից եւ Ալիեւի ցանկություններից։
Չկան նաեւ միջնորդներ, որոնք կսահմանեն հայ-ադրբեջանական կարգավորման հստակ փիլիսոփայությունն եւ մեթոդոլոգիան։ Ռուսաստանը դուրս է մղված կարգավորման գործընթացից, իսկ Արեւմտյան հարթակները չեն կարողանում կամ ցանկություն չունեն գծելու այն սահմանը, որը կողմերը չեն կարող հատել։
Ստեղծված իրավիճակը բխում է տարածաշրջանի կառուցվածքային առանձնահատկությունից։ Ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ Արեւմուտքը չեն կարող Հարավային Կովկասում մի դաշնակից ունենալ ընդդեմ մյուսի։ Այսինքն, նրանք մշատապես աշխատելու են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ՝ չտալով կողմերից մեկին բացարձակ եւ անհերքելի կարգավիճակ։
Հայաստանն իր քաղաքականությունը մշակելիս պետք է ելնի հենց այս կետից, քանի որ անընդհատ ճոճվող եւ տատանվող այս տարածաշրջանում շահեկան իրավիճակում կհայտնվի այն կողմը, որն առավել պինդ է ու կայուն, ավելի շատ ռեսուրսներ ունի եւ կարող է արժեքավոր ծառայություններ մատուցել։
Այս իմաստով 44-օրյա պատերազմը կտրուկ մեծացրել է Ադրբեջանի գինը, ինչի հետեւանքով Ռուսաստանը եւ Արեւմուտքը ստիպված են աչք փակել Հայաստանի նկատմամբ նրա կամայականությունների եւ ճնշումների վրա։ Այսինքն, աշխարհը Հայաստանին չի պարտադրում հանձնել Տավուշի մարզի չորս գյուղերը։ Այդպիսի պարտադրանք գոյություն չունի։ Միջազգային հանրությունը առաջարկում է սահմանների դեմարկացիա իրականացնել, ինչը չի նշանակում միակողմանի զիջումներ պատերազմի սպառնալիքով։
Բայց պարտադրանքի չգոյությունն ամենեւին էլ չի նշանակում ակնկալիքի բացակայություն։ Ենթադրվում է, որ արեւմտյան հարթակները դեմ չէին լինի, որ Փաշինյանը բավարարեր Ալիեւի պահանջները։ Պատճառը մեկն է․ Հայաստանը թուլացած է, իսկ ժանրի կանոններով թույլերը պետք է աչքի ընկնեն նախաձեռնողականությամբ։ Վստահաբար Արեւմուտքի փոխարեն Ռուսաստանն էլ այդ մոտեցումը կունենար։
Ի դեպ համեմատության համար կարող ենք նշել, որ Արցախին շրջապատող 7 շրջանների պարագայում կար համանման պարտադրանք, որն այդպես էլ հայ քաղաքական միտքը մինչեւ վերջ չկարողացավ հասկանալ։
Այսպիսով հստակ տեսնում ենք, որ Փաշինյանի միակողմանի զիջումները որեւէ կերպ չեն տեղավորվում լեւոնական տրամաբանության մեջ։ Առնվազն հիմար պետք է լինել կարծելու համար, որ առաջին նախագահի մի դրվագով արտաբերված միտքը ունիվերսալ է եւ անընդհատ կիրառելի։ Քաղաքականությունն այս տրամաբանությամբ չի կարող աշխատել, քանի որ ամեն իրավիճակ առանձնահատուկ է եւ անկրկնելի։
Հետեւում է, որ լուծումներն էլ պետք է լինեն այս տրամաբանությամբ, քանի որ նույն դեղատոմսով հնարավոր չէ երկու տարբեր հիվանդություններ բուժել։ Իսկ եթե ավելի առարկայական, Տեր-Պետրոսյանը փորձում էր Արցախը հայկական պահել, իսկ Փաշինյանն ինքն իրեն փրկելու վերջին եւ միգուցե նախավերջին ճիգն է գործադրում՝ աճուրդի հանելով Հայաստանի պետական, ազգային շահերը։ Բացի այդ անհրաժեշտ է նկատել, որ Փաշինյանն ի սկզբանե արդեն իսկ մերժել է Լեւոնականությունը, քանի որ հրաժարվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրա դեղատոմսից՝ դառնալով պատերազմի մեծագույն հրձիգն ու Հայաստանի ջախջախման առաջնորդը։
Հենց այս կարեւորագույն փաստն են մոռացության մատնում կառուցողականի եւ ռացիոնալի մորթի հագած լատենտ քպ-ականները կամ էլ սեփական կոնֆորմիզմը արդարացնելու համար խաբում են իրենք իրենց՝ հավատալով Նիկոլ Փաշինյանի դարձին։
Այսպիսով, Փաշինյանական աշխարհայացքի հետ հաշտ ու համերաշխ գործիչները չեն կարող իրենց լեւոնական համարել, նրանք ընդամենը՝ հերձվածողներ են։
Լեւոնականությունը քաղաքական հոսանք է, որի առանցքում պայքարի գաղափարն է։ Պայքար հանուն անկախության եւ Արցախի հայկականության։ Դա հայկական նոր ազգայնականությունն է՝ միախառնված ազատականության հետ։ Այն ի հայտ է եկել Ղարաբաղյան շարժման ծոցում՝ ի հակադրություն կոմունիստական տոտալիտարիզմի եւ ավանդական սփյուռքյան ազգայնականության։
Չի կարելի քաղաքական այդ հոսանքը սահմանափակել «Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել» կոնցեպտով։ ՀԱԿ-ի եւ լեւոնականների համար զիջումը կամ փոխզիջումն ընդամենը գործիք է եղել՝ որպես մեծ նպատակի հասնելու անհրաժեշտություն։ Իսկ ՔՊ-ականների համար զիջումն այլեւս ապրելակերպ ու աշխարհայացք է դարձել։
Լեւոնականությունը պետության մասին է, որտեղ կողք կողքի գոյակցում են պատերազմն ու խաղաղությունը, փոխզիջումն ու անդրդվելի վետոն։ Փաշինյանի կողմնակիցներն ու կեղծ լեւոնականները, յուրացնելով առաջին նախագահի ռացիոնալիզմը, այն հոմանիշն են դարձրել դասալքության, անսկզբունք պրագմատիզմի եւ խաղաղություն աղերսելու։
Ռացիոնալ ձեւացող խեղճ մշեցուց դեպի պետական դավաճան ընդամենը երկու քայլ է։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։