Ամերիկացի առողջ ուղեղի մարզիչ հայտնի Ջեյսոն Դոլբին «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հրավերով Հայաստան է ժամանել։ նա աշխատում է հավասարակշռության եւ ճանաչողական խնդիրներ ունեցող տարեցների հետ։ Նա ֆիզիկական վարժությունների փունջ է ստեղծել, որոնց միջոցով տարեցները կարող են ազատվել առողջական բազմաթիվ խնդիրներից։
Դոլբին երկար տարիներ մարզվել է հոր կողքին, որը կորեական մարտարվեստի վարպետ է։ Նաեւ այս մարզումներն են նրան օգնել, որպեսզի կարողանա բուժման արդյունավետ պլան ստեղծել։
Ավելի քան 20 տարի մարզիչն այս ոլորտում է աշխատում։ Նա եղել է տարբեր երկրներում եւ իր մասնագիտական փորձը փոխանցել ծերաբուժության ոլորտում աշխատող բժիշկներին։ Հայաստան այցելելով՝ Դոլբին վերապատրաստման դասընթացներ է անցկացրել «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հինգ բժշկի հետ։ Նա իր հետ որոշ նվերներ է բերել՝ տարբեր չափերի գնդակներ, ձողեր, լույսեր եւ այլ պարագաներ, որոնց միջոցով կարելի է վարժություններ անել։
«Տարեցների հետ աշխատելու ընթացքում անհրաժեշտ են պարագաներ, որոնք կարելի է պատվիրել առցանց։ Եթե դրանք չկան, կարելի է նմանատիպ առարկաներ գնել սպորտային կամ մանկական խանութներից։ Հնարավոր է նաեւ կենցաղում եղած առարկաները կիրառել։ Ամենակարեւորը վարժությունների տեխնիկային տիրապետելն է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Դոլբին։
Հավասարակշռությունը կարգավորելու վարժությունների համար անհրաժեշտ է վերցնել երկու տարբեր ծանրություն ու ծավալ ունեցող առարկաներ։ Օրինակ՝ կարելի է մի ձեռքով մատիտը պահել, մյուսով՝ հեռակառավարման վահանակը եւ պարապել՝ միաժամանակ ոտքերով վարժություններ անելով։
Դոլբիից նոր հմտություններ սովորած բժիշկները տնայցերի ժամանակ կիրառելու են վարժությունների փունջը։ Բացի այդ՝ վերապատրաստված հինգ մասնագետներն, այցելելով մարզեր, իրենց գիտելիքները կփոխանցեն այլ բժիշկների։
«Այս վարժությունները պետք են ոչ միայն դեմենցիա ունեցողներին, տարեցներին, այլեւ բոլորին։ Դրանք կոփում են մարդուն, ավելի ակտիվ ու ճարպիկ դարձնում։ Շարժումները կապված են նաեւ ուղեղի աշխատանքի հետ։ Դրանք կատարելու համար հարկավոր է կենտրոնանալ, մտածել։ Օրինակ՝ անհրաժեշտ է մի ձեռքով մի շարժում անել, մյուսով՝ բոլորովին այլ․ սա այնքան էլ հեշտ չէ։ Այսինքն՝ միաժամանակ մարզվում են ուղեղն ու մարմինը»,- բացատրում է առողջ ուղեղի մարզիչը։
Որպեսզի վարժությունները բարդ ու տհաճ չթվան, պետք է դրանք ճիշտ հերթականությամբ անել։ Բուժառուների հետ աշխատելիս հարկավոր է սկսել հեշտ շարժումներից, հետո աստիճանաբար անցնել բարդ վարժություններին։ Դոլբիի մասնագիտական փորձը ցույց է տվել՝ այս պարապմունքները ժամանակի ընթացքում տարեցների համար հաճելի զբաղմունք են դառնում՝ յուրահատուկ ֆիթնես, որի միջոցով շաբաթների ընթացքում կարելի է առաջընթաց նկատել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։