Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների 99,8%-ի ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածուները։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Այս երեք քաղաքներում է ապրում երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը։
Ստամբուլում առաջատար է ներկայիս քաղաքապետ եւ ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ հավաքելով ձայների 51,09%-ը, իսկ նրա մրցակիցը՝ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից (AKP) Մուրադ Քուրումը, հավաքել է ձայների 39,59%:
2019 թվականին Իմամօղլուն քաղաքապետի ընտրություններում հաղթել էր նաեւ իշխող կուսակցության թեկնածուին, սակայն մեկ ամիս անց Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց ընտրությունները եւ նշանակեց նորերը։ Ստամբուլի բնակիչները ընտրությունների արդյունքների չեղարկմանը դիմավորեցին բողոքի ակցիաներով։ Ընտրությունների երկրորդ փուլում Իմամօղլուն կրկին հաղթեց իր մրցակցին, բայց էլ ավելի մեծ՝ 9%-ի տարբերությամբ։
Մայրաքաղաք Անկարայում ձայների 60,35%-ով հաղթում է Ժողովրդահանրապետական կուսակցության գործող քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Իշխող կուսակցության թեկնածու Թուրգութ Ալթինոքը հավաքել է 31,69 %:
2019 թվականի ընտրություններում Յավաշը նվազագույն տարբերությամբ էր հաղթել իշխող կուսակցությունից իր հակառակորդին. Այդ ժամանակ նա հավաքել էր ձայների 50,90%-ը՝ մրցակցի 47,10%-ի դիմաց։
Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում, կրկին առաջատար է Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Ջեմիլ Տուգայը։ Նա ստացել է ձայների 48,9%-ը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչ Համզա Դաղը՝ 37,07%-ը։ Քաղաքի ներկայիս քաղաքապետ Թունչ Սոյերը, ով նույնպես ներկայացնում է ընդդիմադիր CHP-ին, 2019-ին Արդարություն եւ Զարգացում կուսակցությունից իր մրցակցին հաղթել էր ձայների շուրջ 20 % տարբերությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել քաղաքային ընտրություններում։ «Ցավոք, մունիցիպալ ընտրություններում չկարողացանք ստանալ այն արդյունքը, որին ցանկանում էինք եւ հույս ունեինք»,-ասել է Էրդողանը Անկարայում համախոհների հետ հանդիպմանը։