Ռուսաստանի իշխանությունները քննարկում են ազգամիջյան եւ միգրացիոն քաղաքականության հարցերով պատասխանատու նոր գերատեսչության ստեղծման հարցը։ Այս մասին գրում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի եւ կառավարության մի քանի աղբյուրների։
Ենթադրվում է, որ նոր գերատեսչությունն անմիջականորեն կենթարկվի նախագահին, ինչպես այժմ ենթարկվում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը եւ մի շարք այլ կառույցներ, որոնց թվում են Արտաքին հետախուզության ծառայությունը, Անվտանգության դաշնային ծառայությունը եւ Ռոսգվարդիան։
«Ведомости»-ի զրուցակիցներն առաջարկել են, որ ազգամիջյան եւ միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու նոր կառույցի ստեղծումը կքննարկվի ապրիլի 24-ին Ազգամիջյան հարաբերությունների նախագահական խորհրդի նիստում, որին կմասնակցի Վլադիմիր Պուտինը։
Պարբերականի աղբյուրները դժվարացել են կռահել, թե ով կարող է գլխավորել նոր կառույցը՝ նշելով միայն, որ դա լինելու է իրավապահ կառույցների մեկի բարձրաստիճան աշխատակիցը։