ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնը հայտարարել է, որ Զատկի տոներից հետո, որոնք կավարտվեն ապրիլի 9-ին, Կոնգրեսի ստորին պալատը կզբաղվի Ուկրաինային օգնություն նախատեսող օրինագծով։ Ջոնսոնի խոսքով՝ դրա քննարկման գործընթացը լի է դժվարություններով, քանի որ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ու դեմոկրատների միջեւ տեղերը բաշխված են գրեթե հավասար ձեւով, եւ փաստաթղթի հաստատման համար անհրաժեշտ է երկու կողմերի օրենսդիրների աջակցությունը։
«Մենք առաջ ենք մղելու հարցը, բայց կարծում եմ, որ այն կունենա մի քանի կարեւոր նորամուծություններ»,-ասել է Ջոնսոնը։
Որպես նման նորամուծությունների օրինակ՝ նա նշել է Ուկրաինային վարկերի տեսքով օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ նա մեջբերել է նախկին նախագահ եւ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ենթադրյալ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ավելի վաղ ներկայացրած տեսակետները։
«Նույնիսկ նախագահ Թրամփն է խոսել է վարկային հայեցակարգի մասին, որի համաձայն… մենք օգնությունը պարզապես չենք տրամադրում: Մենք հաստատում ենք այնպիսի հարաբերություններ, որ երբ ժամանակը գա, մեզ այն վերադարձնեն»,-ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը։
The Hill-ը նշում է, որ այս մոտեցմանը Կոնգրեսում կարող են աջակցել Թրամփի կողմնակից հանրապետականները: Մի գաղափար, որին Կիեւում թերահավատորեն են վերաբերվում։
Ջոնսոնի հիշատակած մյուս գաղափարը, որի հետ կոնգրեսականը այնքան էլ համամիտ չէ, սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի օգտին բռնագրավելու եւ Կիեւին փոխանցելու հնարավորությունն է։
«Եթե դուք կարող եք օգտագործել ռուս օլիգարխների բռնագրավված ակտիվները, որպեսզի ուկրաինացիները կարողանան պայքարել նրանց դեմ, ապա դա պարզապես հեքիաթ է»,-ասել է Ջոնսոնը։
Հանրապետականների ներկայացրած համապատասխան օրինագիծը նախատեսում է ոչ թե որոշ «օլիգարխների», այլ Ռուսաստանի Բանկի ակտիվների կալանք։ Սպիտակ տունը, ինչպես հաղորդվում է, սկզբունքորեն դեմ չէ այս նախաձեռնությանը, սակայն կարծում է, որ առանց ԵՄ-ի համապատասխան գործողությունների, որտեղ ռուսական սառեցված ակտիվները շատ ավելի շատ են, քան ԱՄՆ-ում, դա այնքան էլ էֆեկտիվ չի լինի։
Սպիտակ տունը Կոչ է անում Ներկայացուցիչների պալատին ընդունել Ուկրաինային օգնության ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ օրինագծի տարբերակը, որն ավելի վաղ հաստատվել էր Սենատի կողմից: Այնուամենայնիվ, Ջոնսոնի խոսքերից հետեւում է, որ նա մտադիր է հետամուտ լինել կամ փոփոխություններ օրինագծում մտցնելուն կամ նոր փաստաթղթի ընդունմանը։ Նման դեպքում Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը կրկին պետք է հաստատվի Սենատի կողմից։ Սա կնշանակի հետաձգել փաստաթղթի ընդունումը։