ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի քրեական հետապնդման փաստը:
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես Ժնեւի կոնվենցիաների համաձայն՝ Լյուդվիկ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը համարվում են ռազմագերիներ, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո անմիջապես պետք է ազատ արձակվեն:
«Մինչդեռ Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը եւ թե´ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները»,- նշված է հայտարարության մեջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ հակառակ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը հայ գերիներին օգտագործում է որպես քաղաքական պատանդ՝ շարունակելով նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց, թեև նման հանցանք գործած անձինք փաստագրել եւ հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները:
Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ:
Արդյունքում, 2021 թվականի մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:
Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից եւ հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն եւ հայրենադարձվեն առանց որեւէ նախապայմանի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ն հայտարարության մեջ: