Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտնել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Ուկրաինայում հարուցված նոր քրեական գործով մեղադրանքի առաջադրման մասին։
«Ամբաստանյալի նոր փաստագրված հանցագործությունների թվում են 2023 թվականի դեկտեմբերին ուկրաինացի երեխաների զանգվածային սպանության հրապարակային կոչերը։ Բացի այդ, ռուս քարոզիչը բազմիցս է ագիտացրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակական ռմբակոծության ենթարկելու հանգամանքը»,-ասվում է ՈւԱԾ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հավելում է, որ Սիմոնյանը «պարբերաբար տարածում է Կրեմլի նարատիվները»՝ հրապարակելով հաղորդագրություններ Telegram-ում եւ ելույթ ունենալով ռուսական հեռուստատեսությամբ, այդ թվում՝ պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի ծրագրով։
Ուկրաինայի հետախուզությունը հավելել է, որ Սիմոնյանը մեղադրվում է «Ցեղասպանություն», «Ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ», «Պատերազմի քարոզչություն» եւ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի հիմնավորում» հոդվածներով։
Սիմոնյանը այժմ գտնվում է Ռուսաստանում, նրան մեղադրանքը առաջադրվել է հեռակա կարգով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ընդգծել է, որ միջոցներ են ձեռնարկում նրան պատասխանատվության ենթարկելու համար։
2023 թվականի մարտին ՈւԱԾ -ն Սիմոնյանին մեղադրել էր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։ Հատուկ ծառայությունները ընդգծել էին, որ քարոզիչն առաջիններից մեկն է եղել, ով աջակցել է 2022 թվականին Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժմանը։