Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանագիծը։
Այս մասին հայտնում է ռուսական РБК-ն՝ հղում կատարելով ՀԱՊԿ-ի արձագանքին, որը հրապարակվել է որպես պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության գոտու հստակ սահմնների հետ։
«Պատասխանատվության ոլորտին վերաբերող ձեւակերպումները բավականին բարդ են, եւ այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Հետեւաբար, 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների համաձայնագրի համաձայն, որը ստորագրվել է ՀԱՊԿ երկրների կողմից, պատասխանատվության գոտին համարվում է անդամ պետությունների ինքնիշխան տարածքը»,-ասվում է РБК-ի մեջբերած ՀԱՊԿ հայտարարության տեքստում։
Դրանում նաեւ նշվում է, որ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը»։
Մարտի 12-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը կարող է լքել ՀԱՊԿ-ը, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։