Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 2-ին տարածած հաղորդագրության մեջ պնդում է, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սադարակի եւ Շահբուզի շրջանների ուղղություններով ապրիլի 1-ին ժամը 22։00-22։20 հայկական կողմը տարբեր հրաձգային զինատեսակներից կրակ է բացել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքելով ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հայտնում է, որ «Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ»։
ՀՀ ՊՆ-ն նաեւ հավելում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններով խախտումներ չեն արձանագրվել։