Իրանը, պահպանելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, կորոշի ագրեսորին արձագանքելու եւ պատժելու միջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ապրիլի 1-ին Դամասկոսում իրանական հյուպատոսության շենքին հասցված հրթիռային հարվածին։
Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով հարձակումը Գոլանի բարձունքների շրջանից իրականացրել են իսրայելական ինքնաթիռները տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17։00-ին։
Հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է, որի արդյուքնում զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 ներկայացուցիչներ որոնց թվում են եղել բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին եւ նրա տեղակալ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։
Ասուլիսի ժամանակ Քանաանին կրկին մեղադրելով Իսրայելին, հարձակումն անվանել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչը նշել է, որ այս գործողությունը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի կողմից, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվի «ագրեսորի» դեմ։