Հաագայում աշխատանքներն է սկսել Ուկրաինայում ռուսական բանակի պատճառած կորուստների հարցով միջազգային ռեգիստրը։ Կառույցին փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց ունեցվածքը տուժել է ռազմական գործողությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է ռեգիստրի կայքէջը։
Նշվում է, որ սկզբնական փուլում կընդունվեն եւ կգրանցվեն Ուկրաինայի քաղաքացիների պատերազմի ընթացքում ոչնչացված անշարժ գույքի մասին հայտերը։ Գրանցման խորհուրդը ակնկալում է, որ 300-ից 600 հազար ֆիզիկական անձ կներկայացնի վնասի հատուցման պահանջներ։
Ավելի ուշ ռեստրում կբացվեն այլ կատեգորիաներ, որոնցում կգրանցվեն կարեւոր ենթակառուցվածքների, պատմական եւ մշակութային ժառանգությանը պատճառած վնասների կամ դրանց ոչնչացման հետեւանքով առաջացած կորուստների փոխհատուցման հայտերը։
Բացի այդ, ռուսական ռմբակոծությունների հետեւանքով զոհված մարդկանց հարազատները, ինչպես նաեւ խոշտանգումների եւ սեռական բռնության ենթարկված ուկրաինացիները կկարողանան փոխհատուցման պահանջներ ներկայացնել։ Դիմումներ կարող են ներկայացնել նաեւ այն քաղաքացիները, ովքեր ստիպված են եղել լքել ռուսական զորքերի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքները։
Հաջորդ փուլը կլինի փոխհատուցման հանձնաժողովի ստեղծումը, որը կկարողանա սկսել աշխատանքը 2025 թվականին։
Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Արսենի Պուշկարենկոյի խոսքերով, դրանում կներառվեն միջազգային իրավաբաններ, որոնք կորոշեն փոխհատուցման հետ կապված հարցերը՝ հիմնվելով ռեստրում գրանցված հայտարարությունների վրա:
«Վճարումները նախատեսվում է կատարել փոխհատուցման ֆոնդից, որը համալրվելու է ռուսական բռնագրավված ակտիվներով, առաջին հերթին՝ պետականնեից։ Շատ երկրներ պաշտպանում են մեր դիրքորոշումը, որ սառեցված 300 միլիարդ դոլարի ռուսական սուվերեն ակտիվները պետք է ուղարկվեն փոխհատուցման հիմնադրամ»,- ասել է Պուշկարենկոն։
Վնասների փոխհատուցման միջազգային ռեգիստր ստեղծելու որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2022 թվականի նոյեմբերին։ Մոսկվան ՄԱԿ-ի որոշումը անվանել է «կողոպուտի ֆորմալացում»։