Հայաստանում 2023 թվականի ընթացքում հանցագործությունների թվի աճ է գրանցվել։
2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք (20.231-ը՝ Երեւանում), 2022-ին՝ 37 612 (21.604-ը՝ Երեւանում)։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8.1 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների 30 245 դեպք։
Իրավաբան Վիկտորյա Պետրոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ սովորաբար հանցագործությունների թիվը սերտորեն կապված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ։ Որքան տնտեսության վիճակը վատանում է, այնքան շատանում են հանցագործությունները։ Կան մարդիկ, որոնք, չկարողանալով բավարարել իրենց սոցիալական պահանջմունքները, հանցավոր արարքներ են կատարում։
Որոշ հանցատեսակների (օրինակ՝ թրաֆիքինգ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ) աճը սերտորեն կապված է դրանց բարձր լատենտայնության հետ։ Որոշ իրավիճակներում մարդը ենթադրում է, որ տվյալ հանցավոր արարքը հազիվ թե բացահայտվի, ապա դիմում է այդ քայլին (երբեմն պարբերաբար)։
«Հանցագործությունների թվի աճը կարող է կապված լինել նաեւ դրանց բացահայտման, հայտնաբերման եւ հաշվառման գործընթացների հետ։ Վերջին տարիներին մասնավոր մեղադրանքի դեպքերով քաղաքացիների նախաձեռնողականության աճ է գրանցվել, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը բարձրացել է։ Նաեւ սրա արդյունքում է արձանագրված հանցագործությունների աճ գրանցվում»,- մանրամասնում է իրավաբանը։
Մեր երկրում թմրանյութ գործածողների թիվը , թմրաշրջանառությունը եւ խաղադրույքների ծավալները տարեցտարի ավելանում են։
Դրանցից կախվածություն ունեցողները հաճախ հակված են գողության։ Թմրանյութ գնելու եւ խաղադրույք կատարելու գումար չունենալով՝ շատերն ուրիշի գույքի հափշտակություն են կատարում։
Փաստաբան Կարինե Լալաբեկյանն աշխատանքային պրակտիկայում է նկատում․ հանցագործությունների ծավալներն, իսկապես, տարեցտարի նկատելիորեն մեծանում են։
«Կարծում եմ՝ հանցագործությունների ավելացումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով․ առաջին՝ մարդկանց սոցիալական վիճակի վատթարացմամբ, իսկ երկրորդ գործոնն անպատժելիության, ամենաթողության, անվերահսկելիության մթնոլորտն է։ Քաոսային վիճակ է․ այսպիսի անպատժելիություն, ըստ իս, եղել է 1990-ական թվականներին։ 2000-ականներից մինչեւ 2018-2019 թվականը նման մթնոլորտ չկար մեր երկրում։ Ոստիկանությունը նորմալ, պատշաճ իրականացնում էր իր գործունեությունը»,- ասում է Լալաբեկյանը։
Փաստաբանը վստահեցնում է՝ վերջին տարիներին շատացել են քաղաքական դրդապատճառներով հետապնդումներն անձանց նկատմամբ, որը վիճակագրության մեջ մեծ թիվ է կազմում։ Դրանք համարվում են բացահայտված հանցագործության դեպքեր։ Այդ անձինք, ըստ Լալաբեկյանի, իրավամբ քաղբանտարկյալի կարգավիճակին են հավակնում։
Վիճակագրություն
Գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ 2023 թվականին ավելացել են միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:
2023 թվականին արձանագրված հանցագործությունների 80.9 տոկոսը, ոչ մեծ (20 024 դեպք կամ 49.3 տոկոսը) եւ միջին ծանրության (12 848 դեպք կամ 31.6 տոկոսը) հանցագործություններն են։ Սրանք նվազ հասարակական վտանգավորություն ունեցող հանցագործություններ են։
Ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 5,9 տոկոսով․ 2023 թվականին արձանագրվել է 20 024 դեպք, 2022-ին՝ 21 281։
Միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2477-ով՝ 23.9 տոկոսով (2022 թվականին՝ 10.371, 2023 թվականին՝ 12 848)։
Ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 1036-ով կամ 20.4 տոկոսով (2022 թվականին՝ 5080, 2023 թվականին՝ 6 116)։
Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 798-ով կամ 90.7 տոկոսով (2022 թվականին՝ 880, 2023 թվականին՝ 1678): Այսինքն՝ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ դեպքերն ավելացել են 798-ով (90.7 տոկոսով)։ Ցուցանիշների այս աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի թվով (645-ով կամ 119 տոկոսով):
2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 1187 դեպք, 2022-ին՝ 542։ Նշված 1187-ից 1132-ը կամ 95.4 տոկոսը հանկարծամահության դեպքերն են, որոնք մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը որպես հանցագործություն չէին հաշվառվում։ 2022 թվականի հուլիսի մեկից սկսած՝ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ հանկարծամահության պարագայում եւս նախաձեռնվում են վարույթներ՝ սպանության հատկանիշներով։
Այս փոփոխությամբ պայմանավորված՝ ցուցանիշների սանդղակում կտրուկ աճ է նկատվում։
Սպանության դեպքերի թիվը (հանկարծամահության դեպքերը չհաշված) 2023 թվականին եղել է 55, 2022-ին՝ 58։
2023-ին նախորդ տարվա համեմատ ավելացել են նաեւ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ (81.5 տոկոսով), մարդկանց թրաֆիքինգի (137.5 տոկոսով), թմրամիջոցների շրջանառության դեպքերը (165.8 տոկոսով):
Աճել են նաեւ խարդախության (493-ով կամ 24.9 տոկոսով) եւ համակարգչային հափշտակության դեպքերը՝ (169-ով կամ 36.7 տոկոսով):
30.3 տոկոսով նվազել են գողության (2022 թվականին՝ 9854, 2023 թվականին՝ 6868) դեպքերը։
2023 թվականին դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերն աճել են 129-ով կամ 13.8 տոկոսով՝ կազմելով 1062՝ նախորդ տարվա 933-ի համեմատ։
Ըստ դատախազության տվյալների՝ հանցագործությունների ծավալների ավելացմանը զուգընթաց՝ 2023 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում: 2022 թվականի համեմատ այն նվազել է 14.6 տոկոսով:
Բանտերը հանցագործներին չեն վերադաստիարակում
Ամբողջ աշխարհում՝ հատկապես Հայաստանում, բանտը մարդուն չի վերադաստիրականում կամ օգնում ավելի օրինապահ դառնալ։ Փաստաբան Կարինե Լալաբեկյանի կարծիքով՝ մեր երկրում բանտերը ոչ բարվոք վիճակում են, դրանք խոշտանգման գործիքներ են։ Ըստ մասնագետի՝ արդյունավետ կլինի, եթե հնարավորության դեպքում տնային կալանքը կիրառվի որպես կալանավորման աընտրանքային խափանման միջոց։
«Ի պատիվ մեր որոշ համարձակ դատավորների՝ այս օրենքը երբեմն կիրարկվում է, այսինքն՝ միանգամից անձին կալանավորելու որոշում չեն կայացնում։ Որոշ դատավորներ կարողանում են անձին ազատությունից չզրկելով՝ այլընտրանքային միջոց կիրառել, որը կալանքից պակաս խիստ չէ։ Տնային կալանքը հավասարազոր է կալանքին․ անձը պարփակված է իր տանը, բայց նա չի զրկվում իր հարազատների հետ շփվելու հնարավորությունից, իսկ բանտերը, պետությունը չեն ծանրաբեռնվում»,- մարմամասնում է Լալաբեկյանը։
Սովորաբար մարդիկ օրենքը չեն խախտում, տնից դուրս չեն գալիս, որովհետեւ վստահաբար գիտեն՝ եթե սահմանված շառավիղը խախտեն, ապա Պրոբացիայի ծառայությունը ստանալու է համապատասխան ազդանշան, որին հաջորդելու է խափանման միջոցի փոփոխությունը՝ կալանավորումը։ Այսինքն՝ անձը գիտակցում է՝ եթե տնից դուրս գա, բանտ է գնալու։
Կալանքի այլընտրանքային այս տարբերակը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից՝ «Քրեական օրենսգրքում» կատարված փոփոխություններով պայմանավորված։
Ի՞նչ պետք է անել, որ հանցագործության ծավալները նվազեն
Փաստաբան Կարինե Լալաբեկյանը կարծում է՝ հարկավոր է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել, որպեսզի հանցագործությունների դեպքերը համեմատաբար պակասեն։ Պետք է վերահսկողության խիստ մեթոդեր կիրառվեն, որ անպատժելիության մթնոլորտը վերանա, եւ մարդը համոզված լինի՝ ցանկացած հանցանք կատարելու պարագայում պատժվելու է։
«Մեր օրենքները բավական արդյունավետ են, եթե, իհարկե, դրանք կիրարկվեն։ Ցավոք, դրանք մեծ մասամբ մնում են թղթի վրա։ Պետք է ձերբազատվել այս անպատժելիության մթնոլորտից ու կիրարկել օրենքները․ այդ դեպքում հնարավոր կլինի հասնել հանցագործությունների թվի նվազման»,- եզրափակում է Կարինե Լալաբեկյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։