Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքում վերջերս տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներ են սկսվել, մարդիկ պահանջում են ապամոնտաժել այն:
Հանրային ընդվզման պատճառներն, ըստ էության, արձանի վրայի խորհրդանիշներն են. արձանի առջեւում գրված է՝ «Արցախի բանալին», հակառակ կողմում՝ «Հուռութք»: Թարգմանաբար այն նշանակում է հմայությամբ չար աչքից՝ փորձանքից պահպանող իր, որ մարդիկ կրում են իրենց վրա, մյուս իմաստը կախարդությունն է:
Գրության վերեւում «ֆաթիմայի ձեռքն» է, թալիսմանը հայտնի է նաեւ այլ անուններով՝ Միրիամի ձեռք, Համսան, Հեմշի պալմ։ Տարածված է Հնդկաստանի, Իսրայելի եւ մահմեդական պետությունների բնակիչների շրջանում: «Ֆաթիմայի ձեռքը» կրոնական խորհրդանիշ է մուսուլմանների ու հրեաների համար:
«Արցախի բանալի» կոչվող արձանի վերնամասում ինըթեւանի աստղ է՝ Դարարդը, Սանդարամետ դիցուհու խորհրդանիշը:
Քանդակի հեղինակը Արկադի Գրիգորյանն է, նրա առաջարկով ու նախաձեռնությամբ է արձանը տեղադրվել: Քանդակագործը, որ նաեւ էզոթերիկայի, այսինքն՝ գաղտնագիտության ուսմունքի կրող է, «Ալիք մեդիայի» հետ զրույցում վստահեցնում է, որ այս խորհրդանիշները կարող են պաշտպանել Արցախ աշխարհը չար ուժերից ու թշնամիներից:
«Հայաստանն ու Արցախը աշխարհում այն փոքրաթիվ երկրներից են, որոնց էներգետիկ դաշտը պաշտպանված չէ, թեեւ հասարակությունը պատրաստ չէ ընդունելու այս խորհրդաբանությունը, բայց շատ էզոթերիստներ կհամաձայնեն ինձ հետ, այս կերպ մենք պաշտպանում ենք Արցախը, չարի առջեւ փակում դռները, սա կախարդություն չէ, ինչպես մարդիկ են ընկալում, սա պաշտպանություն է, ինչի կարիքը Արցախը հիմա, առավել քան երբեւէ ունի»:
Այս աշխատանքով քանդակի հեղինակները՝ հայր ու որդի Արկադի եւ Գոռ Գրիգորյանները, փորձում են ցույց տալ, որ Արցախի բանալին հենց արցախցու ձեռքին է։
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր հովանու մայր տաճարի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը քանդակի մտահղացումը սնոտիապաշտություն է համարում. մուսուլմանական կամ այլակրոն որեւէ խորհրդանիշ հայկական պետության մեջ տեղադրելն, ըստ քահանայի, պարզապես անընդունելի է:
«Նորաբույս կոթողը առնչություն չունի հայ մշակույթի պատմական, ավանդական, այժմեական կամ խորհրդանշական որեւէ դրսեւորման հետ: Այն անհասկանալի, խեղաթյուրող նախաձեռնություն է՝ ենթակա ժխտման: Երկրի նման օրհասական պայմաններում ես այն համարում եմ հակահայ, հակամարդկային, հոգեբանական տրավմա պատճառող նախաձեռնություն»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը:
Նույն կարծիքին է նաեւ Վահրամ Աթանեսյանը: Լրագրող, հասարակական-քաղաքական գործիչը համարում է, որ արձանը անհապաղ պետք է տեղափոխել այլ վայր: «Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի 1967 թվականին հեղինակած հուշակոթողը ավելի քան վեց տասնամյակ ստեփանակերտցիների, արցախահայության խորհրդանիշն է, յուրատեսակ սրբավայր, որի դեմ Ադրբեջանի կառավարությունը հիսուն տարի պատերազմ էր հայտարարել, իսկ հիմա մենք մեր ձեռքով ենք այլանդակում այն: Համալիրի ամբողջական ու ներդաշնակ տարածքում որեւէ նորամուծություն աղավաղում է սրբավայրը»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Վահրամ Աթանեսյանը՝ օրինակ բերելով նախկին իշխանությունների թույլտվությամբ տեղադրված հուշանվերների կրպակները:
«Քաղաքացիների նկատմամբ չի կարելի այդքան վերամբարձ վերաբերմունք ունենալ, վաղն էլ կարող է մի ուրիշ արձան բերեն տեղադրեն, ասեն՝ սա էլ Արցախի «սուրն ու վահանն» է, այս օրերին, այս վիճակում հասարակությունը ցանկացած լուրի նկատմամբ չափազանց զգայուն է»:
Արձանի վրայի գրությունները, ի դեպ, բողոքի ալիքից հետո քաղաքապետարանը քողարկել է պոլիէթիլենով՝ պարզաբանելով, որ դրանք նախատեսված չէին նախագծով, քաղաքային իշխանությունների պատասխանատուները ծանոթացել են, արձանագրել, որ արձանը չի համապատասխանում նախապես ներկայացված էսքիզին: Բանալու ճակատագիրը կորոշվի մասնագիտական եզրակացությունից հետո:
Վահրամ Աթանեսյանն առնվազն տարօրինակ է համարում, որ մասնագետները արձանը տեղադրելուց հետո են միայն որոշել մասնագիտական խումբ ստեղծել, եզրակացություն անել, մինչդեռ ընդունված ընթացակարգի համաձայն՝ դա նախապես պետք է արվեր՝ մրցույթի միջոցով, ներկայացվեին էսքիզները, մրցութային հանձնաժողովն էլ կանգ առներ լավագույն տարբերակի վրա:
Արձանի ապամոնտաժման հարցին անդրադարձել է նաեւ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը՝ նշելով, որ «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԿԳՄՍ նախարարությանը նախապես տեղյակ պահելու։ Նախարարը գրություն կհղի Ստեփանակերտի քաղաքապետին:
Ի դեպ, երեկ՝ մայիսի 24-ի երեկոյան, արցախցի մի երիտասարդ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է ինըթեւանի աստղը:
Հիշեցնենք, որ արձանը տեղադրվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ ավագանու համաձայնությամբ, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հովանավորությամբ։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։