ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան անպայման կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ՝ ընդգծելով, որ այդ հարցում խնդիրը միայն ժամկետների շուրջ է։ Այս մասին նա ասել է լրագրողներին Բրյուսելում ՆԱՏՕ-ի 75-ամյակի առիթով դաշինքի երկրների արտաքին գործերի ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո։
«Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, «եթե»-ի հարց չկա, կա միայն «երբ»-ի հարց»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նաեւ հաստատել է Ուկրաինային ռազմական մատակարարումների համակարգումը ստանձնելու դաշինքի մտադրությունը, որոնք այժմ համակարգվում են ԱՄՆ-ի կողմից։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի անդամ է, եւ նա շատ մեծ աշխատանք է կատարել։ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարել են ամբողջ սպառազինության 99%-ը։ Հիմա մենք կկարողանանք համակարգել այս աշխատանքը, իրականում դա նույն մարդիկ են լինելու։ Դա Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացիալ զինված ուժերի գլխավոր հրամանատար [Քրիստոֆեր] Կավոլին է՝ ամերիկացի գեներալը, բայց միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հրամանատարը»,-նշել է Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարը սակայն չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք այս քայլերը կատարվում են Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելու հնարավորության հետ կապված։