Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Տաջիկստանում Ուկրաինայի դեսպանատանը մեղադրել է Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններ հավաքագրելու մեջ։ Այս մասին նա ասել է Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների անվտանգության խորհուրդի քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպմանը։
«Հայտնի է նաեւ, որ Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը հավաքագրման աշխատանքներ է իրականացնում՝ ներգրավելով վարձկանների, ովքեր ցանկանում են միանալ Կիեւի իշխանությունների կողմից ձեւավորված միջազգային լեգեոնին՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,-ասել է Պատրուշեւը։
Ավելի վաղ Պատրուշեւը AiF․ru-ին տված հարցազրույցում ասել էր, որ ՆԱՏՕ-ի հրահանգիչները մի քանի երկրներում հավաքագրում եւ վարժեցնում են դիվերսանտների՝ Ռուսաստանի դեմ գործողություններին ներգրավելու համար։
«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո լրագրողնրի բարձրացրած այն հարցին, թե ով է կազմակերպել հարձակումը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել էր. «Իհարկե, Ուկրաինան»:
Ապրիլի 3-ի ՇՀԿ նիստին նա հերթական անգամ հայտարարեց, որ «հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ»։
«Բայց բոլորը լավ գիտեն, որ Կիեւի ռեժիմն անկախ չէ եւ ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից»,-հայտարարել էր Պատրուշեւը։