Հաշվի առնելով հետպատերազմյան ու հետընտրական նոր իրողությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել կադրային քաղաքականության մեխանիկան։ Արդյունքում նա ուժեղացնում է բյուրոկրատիայի տեխնոկրատիկ բնույթը՝ պարարտացնելով անանցյալների ու միաձայն հավատարիմների տեսակով։
Բացի այդ, մոտ են արդեն հաջորդ ընտրությունները։ (Հերթականը լինելու է 2026-ին բայց հավանաբար տեսականորեն 2025-ի աշնանը կամ ձմռանը իշխանությունները կգնան արտահերթի, որպեսզի ընդդիմադիրները չհասցնեն պատրաստվել։) Այդ պատճառով են տարատեսակ պրոռուսական ու պրոիշխանական ուժեր ու ճամբարներ ձեւավորվում, կուսակցություններ բացվում։ Դրա համար է ձեր խոնարհ ծառան տեւական ժամանակ մտատանջվում, թե ինչու են Փաշինյանը, նրա վարչության անդամները եւ այլ կուսակիցներ ամեն երեկո կուսակցաշինական ու գաղափարադաստիարակչական նիստեր անցկացնում՝ համեմելով դրանք խորհրդային կոմկուսին հարիր նախաձելի հետեւողականությամբ ու հերթապահ պոռթկումով։
Պաշտոնական հաղորդագրություններով էլ հայտնում են, թե զբաղվում են կուսակցական տեղական մարմիններ կառուցելով եւ իդեալոգիական բնույթի հարցերով։ Նկատենք, որ զբաղվողները պաշտոնյաներ են՝ աշխատանքից հետո եւ, առնվազն, մի քանի ժամ։ Արդյունքում հասարակ մահկանացուներիս մտածելու համար հարցեր են առաջադրում։
Երեւի նրանք անսպառ էներգիա ունեն, որ առավոտից երեկո իրենց պաշտոններում քափ-քրտինք աշխատում ու շենացնում են մեր հայրենիքը, բարձրացնում են նրա անվտանգային մակարդակը, ամրապնդում տնտեսությունն ու բանակը, զորացնում հասարակությունը, իսկ երեկոյան արդեն ուժասպառ, բայց հավատով ու սիրով լեցուն, գնում են նիստի ու երիտպարտիականների պես սկսում խոսել ու զեկուցել, զեկուցել ու խոսել։
Բայց դա միայն առաջին հայացքից, իրականում առաջ են մղվում, քննություն են հանձնում նեոբյուրոկրատ հավատարիմները, տեխնոկրատներն ու երիտկոմսոմոլները։
Այս նույն տրամաբանության մեջ է ՀՀԿ օրինակով ՔՊ քաղաքական դպրոցի ստեղծումը՝ ձգտել ունենալ նոր սերնդի ակտիվիստ-կուսակցականների բազա, որոնք կանցնեն նոր գաղափարախոսության՝ «միակ ճշմարիտ Կաուդիլիոն եւ նրա լայվերը» դասընթացով ու կփորձեն դառնալ պոտենցիալ այլընտրանք փոփոխվող ու լուսանցք մղվող «հին» հեղափոխականների համար։
Որքան էլ տարօրինակ թվա, այս ճանապարհին նախկին համակարգի կերպարները՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ այլ դպրոցներով անցածները, դրված նպատակի իդեալական թեկնածուներն են։ Պարզ է, որ նախկիններն այլեւս իշխանության չեն գա եւ Փաշինյանի ժառանգության պայքարը կլինի ներսից՝ դրսի ռեսուրսների համադրմամբ։
2025 թվականի ընտրությունները ժողովրդավարության բաստիոնում պետք է որ լինեն Փաշինյանի համար վերջինը՝ 2028-ին կլրանա նրա 10-ամյա իշխանությունը եւ որքան մոտենան այդ ժամկետին, այդքան թե՛ դրսում, թե՛ ներսում հարցեր են առաջանալու։
Բայց, քննարկումը թե ով է լինելու «հետո»՝ զուտ փաստն ինքնին, արդեն քանդում է իշխանության բուրգը, հարվածում է իշխանություն կրողին, թուլացնում նրա դիրքերը։ Որովհետեւ եթե հնարավոր է «հետո», ապա հնարավոր է նաեւ «առանց»։
Ավելին, վերափոխվող ստատուս քվոն, որը կառաջարկի առաջնորդը, բոլորին չի բավարարի, կսկսվեն խլրտումներ, ներքին պայքար ու դրան էլ կզուգահեռվի բյուրոկրատիայի կաթվածը, քանի որ կառաջնորդվեն ոչ թե ընթացիկ հրահանգներով, այլ գործող խմբավորումներում նոր «տերեր» փնտրելով՝ ապագայում մրցավազքից դուրս չմնալու ու մեկնարկային լավ դիրքեր գրավելու համար։
Այդ պատճառով էլ նախեւառաջ շարքից դուրս են բերվում հեղափոխական «հիմնադիրները», նրանց թաղում են կոռուպցիայի ու քննադատության տակ՝ ինչպես Սերժ Սարգսյանն իր ԱԺ նախագահներին, վարչապետներին ու Տարոն Մարգարյանին՝ բնում խեղդելով ցանկացած այլընտրանք։
Եվ հետաքրքրական է, որ դա արվում է քաղաքական արտամուսական կապերի հետեւանքով ձեւավորված «կույրաղիքային կուսակցության»՝ «փորձագետների» ու «ակտիվիստների» հորդաների միջոցով, որոնք իրենց հանրային քննադատության մեջ կգանահարեն ու կքննադատեն բոլորին, բացի Փաշինյանից՝ վաղուց ստուգված «լավ ցար, վատ բոյարներ» մոդելով։
Իսկ այդ ընթացքում պետական մեքենան, բյուրոկրատիան ու նեոկուսակցական խունվեյբինները կվերածվեն իշխանություն կրողի՝ այս դեպքում Փաշինյանի անձնական իշխանության ապարատի՝ դրանից բխող «սերժիզացիայիով»։
Եվ կգա պահը, երբ մի բարի, լուսավոր գարնանային օր կլսենք, որ եթե Փաշինյանը հեռանա, Հայաստանը կփլուզվի, ինչպես որ լսում էինք Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ, մոռանալով որ հենց այդ մենիշխանական մոդելն է փլուզում պետական կառավարումը, պետության դիմադրողականությունն ու ապագան, այլ ոչ թե Կաուդիլիոյի հեռանալու այլընտրանքը։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։