«Երեւանի փողոցներում կատարվում են ՀՀ քրեական օրենսգքրի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) հատկանիշներով գործողություններ». այս կարծիքին է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նա հույս է հայտնում, թե հաջորդիվ կլուսաբանենք դատական այն գործընթացները, որոնք կպատժեն քաղաքի հարյուրավոր ծառերն օպօրինի հատողներին:
««Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, բնապահպանական վարչություն, քաղաքապետ, վարչապետ. պետք է պարզվի՝ ո՞վ է մեղավոր: Եթե բոլորը պատասխանատվության ենթարկվեն, մյուս անգամ ձեռք չեն բարձրացնի քաղաքի «թոքերի» վրա»,- ասում է Մնացականյանը, որն ուշադրություն է հրավիրում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վրա ու նշում՝ իրավապահ որեւէ մարմին չի խոսում այն մասին, թե ծառահատումների որոշումները կայացնողները քրեական ինչ գործերով են անցնում:
Մնացականյանին զայրացնում է այն հանգամանքը, որ ծառահատումների դեմ արտահայտվողները շատ քիչ են, մնչդեռ պետք է դժգոհության ալիք լիներ:
«Երեւանաբնակ ռուսները հաճախ ավելի ակտիվ են պայքարում, քան երեւանցիները: Այն տարիներին, երբ ծառի մի ճյուղ էր կտրվում, 100 ծաղրանկարիչ սկսում էր իր նկարով արձագանքել, բողոք արտահայտել: Հիմա հարյուրավոր ծառեր են հատվում, բոլորը լուռ են»,- ասում է Մնացականյանը:
Նա հուսով է, որ բողոքի ակցիաները, որոնցից մեկը երեկ անցկացվեց քաղաքապետարանի դիմաց, արդյունավետ կլինեն, եւ բնակիչներն էլ կհասկանան՝ ինչ վտանգներ են իրենց սպառնում: Կատարվողի ողջ ռիսկերը պետք է հասկանան նաեւ բիզնեսների ներկայացուցիչները, որոնք իրենց գործունեությունը ծավալում են քաղաքի տարբեր հատվածներում: Նրանք եւս զգալու են ծառահատումների բացասական հետեւանքները:
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը նշում է, թե սա միակ ոլորտը չէ, որտեղ սխալ որոշումներ են կայացվում: Մեր զրուցակցի կարծիքով՝ չկա քաղաքին առնչվող որեւէ հարց, որտեղ ձախողումներ չեն արձանագրվել, քանի որ գրագետ կառավարիչներ չկան: «Մայթը սարքում են, երեք օրից քանդում, խողովակ անցկացնում, որովհետեւ իրարից տեղյակ չեն»,-նշում է Մնացականյանը:
Բնապահպան Սիլվա Ադամյանը մեկն է հասարակական այն գործիչներից, որոնք այս օրերին իրենց դժգոհությունն են բարձրաձայնում ծառահատումների վերաբերյալ: Մեզ հետ զրույցում բանապահպանն ընդգծում է՝ տարիներ շարունակ, բոլոր կառավարությունների օրոք եղել են ապօրինի ծառահատումներ, բայց ինքն առաջին անգամ է Երեւանում՝ քաղաքային պայմաններում այսպիսի մասշտաբներ տեսնում:
«Կանաչապատումը տասնյակ տարիների աշխատանք է: Բազմաթիվ անվանի գիտնականներ դեռ 1950-ական թվականներից աշխատել են, որ Երեւանի կիսաանապատային զոնան դառնար կանաչ եւ լիներ այնպիսի տեղ, որտեղ մարդը կարողանար առողջ եւ հանգիստ ապրել: Ցավոք, այս պահին չունենք որեւէ լուրջ գիտական մոտեցում»,-ասում է Ադամյանը:
Երեւանի կլիմայական պայմաններում անհրաժեշտ են սաղարթախիտ ծառեր՝ կաղնի, թեղի, հացենի: Իսկ, օրինակ՝ ճապոնական բալենիները, որ տնկվում են, ի՞նչ են տալու քաղաքին:
«Հիվանդ ծառը պետք է փոխարինել նույն տեսակի ծառով, որովհետեւ ապացուցված է՝ հենց դրանց շնորհիվ է Երեւանում կենսաբանական շղթան գոյատեւում: Սակուրաները մեր մայրաքաղաքի կլիմայական պայմաններին հարմարեցված չեն: Երեւանում մեծածավալ շինարարական աշխատանքներ են գնում, դրանից բացի՝ կիսաանապատակին քամիներ կան, որոնցից հենց սաղարթախիտ ծառերն էին պաշտպանում։ Տեսեք՝ ինչ փոշի է բարձրանալու քաղաքում»,-ասում է բնապահպանը:
Ադամյանը խնդրահարույց է համարում, որ քաղաքապետարանը որեւէ պատշաճ քննարկում չի անցկացրել ոլորտի ներկայացուցիչների հետ, չի լսել կարծիքներ, թեեւ քաղաքի իշխանությունը հակառակն է պնդում:
Մեր զրուցակիցը մտահոգված է՝ այս տարի երեւանցիները քայլելու են դատարկ մայթերով՝ տապի, շոգի պայմաններում՝ վտանգելով առողջությունը: Նորատունկ ծառերը նույնիսկ աճելու դեպքում չեն կատարելու այն գործառույթը, որը հատված ծառերն էին կատարում:
«Շուտով կարող ենք կանգնել այնպիսի իրավիճակի առջեւ, երբ հասկանանք, որ մեզ տասնյակ, անգամ հարյուրավոր տարիներ են պետք, որ ստանանք այն, ինչ ունեինք Երեւանում օրինակ 70-ականների վերջում»:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: