ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին օժանդակելուն։ Դրա մասին ԱՄՆ նախագահը գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորական նամակում։
Ըստ APA գործակալության՝ Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի եւ ժողովրդավարական կառավարման ոլորտներում։
Նա ընդգծել է, որ անցյալ տարի Հարավային գազային միջանցքի գործարկմամբ եւ այս տարի Թուրքմենստանի հետ Կասպյան հանքավայրի համատեղ հետախուզման եւ զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Եվրոպայի էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ներդրմանը:
«Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը եւ ահաբեկչության դեմ պայքարում ջանքերին 20-ամյա աջակցության համար»,- ասված է ԱՄՆ նախագահի նամակում։
Ամերիկյան կողմը Բայդենի ուղերձի մասին առայժմ հաղորդագրություն չի տարածել։