Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում տարածքում անցկացվող ականազերծման գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ականազերծման Գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը Ականազերծման իրազեկման եւ ականազերծմանն աջակցության միջազգային օրվան նվիրված ելույթի ժամանակ։
«Նախատեսվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում ականազերծման գործընթացին։ Ներկայումս հավատարմագրվում են սակրավորներն ու նրանց սարքավորումները։ Այն սկսվել է ապրիլի 1-ին եւ նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին»,-ասել է Սուլեյմանովը։
Նրա խոսքերով հավատարմագրման գործընթացի հաջող ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը ականազերծման աշխատանքներ կսկսի Խոջալուի (Իվանյանի) շրջանում։