Վաշինգտոնը կարծում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը Վրաստանին կշեղի իր եվրոպական ուղուց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը X-ի իր գրառման մեջ։
«Մենք խորը մտահոգություն ունենք, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված օրենսդրական նախագիծը Վրաստանին կարող է շեղել իր եվրոպական ուղուց եւ վնասել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք բարելավում են Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը առաջ մղել ԵՄ-ին միանալու իրենց ձգտումները»,-գրել է Միլլերը։
We are deeply concerned that draft legislation introduced into Georgia’s parliament will derail Georgia from its European path and harm civil society organizations improving the lives of Georgian citizens. We urge the government of Georgia to advance its EU aspirations.
— Matthew Miller (@StateDeptSpox) April 5, 2024
Միլլերի հայտարարությունը սոցիալական ցանցերում տարածել է նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը «Վրացական երազանք» նախաձեռնությունը մեկնաբանել էր նաեւ ապրիլի 4-ի ճեպազրույցի ժամանակ։
«Տեղեկություն ենք ստացել Վրաստանի խորհրդարանում օրինագծի ընդունման հնարավորության մասին։ Ձեզ կասեմ, որ նախորդ տարի տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ հայտարարելու իրենց եվրոպական հավակնությունների մասին եւ մերժելու այս օրենքը կյանքի կոչելու վերջին փորձը։ Վրաստանը պատմական հնարավորություն ունի բանակցություններ սկսելու Եվրամիության հետ։ Մենք աջակցում ենք դրանց։ Մենք պատրաստ ենք հետագայում եւս աջակցել այդ գործընթացին»,-ասել է Միլլերը։