Հետաքննությունը պարզել է, որ World Central Kitchen (WCK) մարդասիրական կազմակերպության կամավորները Գազայի հատվածում մահացել են Իսրայելի պաշտպանության բանակի սխալ գործողությունների հետեւանքով։ Նրանց զինվորականները շփոթել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
«Հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ այս միջադեպը չպետք է տեղի ունենար։ Նրանք, ովքեր հավանություն են տվել հարվածին, համոզված են եղել, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զինյալներին, այլ ոչ թե WCK-ի աշխատակիցներին: Մարդասիրական օգնության մեքենաներին հարվածելը լուրջ սխալ է, որը պայմանավորված է սխալ իդենտիֆիկացիայի, որոշումների կայացման սխալների եւ ստանդարտ գործառնական ընթացակարգերին հակասող հարձակման հետեւանքով»,-ասվում է հայտարարության տեքստում։
Հայտարարության մեջ նշված վարկածի համաձայն՝ իսրայելցի զինվորականները բեռնատարներից մեկի վրա նկատել են երկու զինված տղամարդու, որոնք դուրս են եկել այն պահեստից, որտեղ բեռնաթափվել է մարդասիրական օգնությունը։ Երբ մեքենաները դուրս են եկել պահեստից, հրամանատարներից մեկը սխալմամբ ենթադրել է, որ ուղեկցող մեքենաների ներսում զինված մարդիկ են եղել, եւ որ նրանք ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են։ Իսրայելացի զինվորականները չեն հստակեցրել, որ մեքենաները պատկանում են WCK-ին եւ «սխալ իդենտիֆիկացիայից հետո հարձակում են գործել WCK երեք մեքենաների վրա», ինչի հետեւանքով զոհվել է յոթ աշխատակից:
«Երեք մեքենաներին հարվածները հասցվել են Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության եւ ստանդարտ գործողության ընթացակարգերի կոպիտ խախտումներով»,-ընդգծվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ՝ հավելելով, որ հետաքննության արդյունքները ներկայացվել են նաեւ WCK-ի ղեկավարությանը, եւ որ միջադեպի համար խորը ափսոսանք են հայտնում։
Բանակը նաեւ հայտնել է, որ հարվածի անմիջական պատասխանատու սպաները կհեռացվեն զբաղեցրած պաշտոններից, իսկ Իսրայելի պաշտպանության հարավային հրամանատարության ղեկավարը նկատողություն կստանա։