ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցում ասել է, որ կարող է վերջ դնել Ուկրաինայում ընթացող պատերազմին՝ Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանին հանձնելու համար ճնշում գործադրելով Կիեւի վրա։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով համար զրույցին ծանոթ աղբյուրներին։
Թրամփի խոսքով, ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Ուկրաինային անհրաժեշտ է ելք գտնել հակամարտությունից, քանի որ կողմերը ցանկանում են «փրկել իերնց դեմքը»։ ԱՄՆ նախկին նախագահը նաեւ ենթադրել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում բնակչությունը դեմ չէ Ռուսաստանի հետ միավորմանը։
WP-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրերի մասին հայտնի է դարձել նոյեմբերին Heritage Foundation-ում կայացած հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը Թրամփի նախկին օգնական Մայքլ Անտոնը, ըստ աղբյուրների, նկարագրել է ծրագրի մանրամասները, ըստ որի Ուկրաինան զիջելու է Ղրիմն ու Դոնբասը, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակվելու է, ինչը Պուտինին կդրդի թուլացնել իր աճող կախվածությունը Չինաստանից:
Անտոնը մարտ ամսին պարբերականի հետ զրույցի ժամանկ նշել էր, որ Թրամփի հետ չի խոսել 18-ից 24 ամիս եւ չգիտի Ուկրաինայի հետ կապված նախկին նախագահի ծրագրերի մասին։
Թրամփի տարբերակը, ինչպես գրում է The Washington Post-ը, արմատապես կփոխի ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարած ԱՄՆ քաղաքականությունը, ով կենտրոնացած է Ուկրաինային աջակցելու եւ ռուսական ագրեսիան հետ մղելու վրա։ Բացի այդ, Ուկրաինայի որոշ շրջանների վրա ռուսական վերահսկողություն հաստատելը կընդլայնի Պուտինի ազդեցության գոտին, եւ այս պատճառով Թրամփի որոշ կողմնակիցներ փորձում են տարհամոզել նրան։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի խոսքով՝ «իր ժամանակի մոտ 100%-ը ծախսում է Թրամփի հետ Ուկրաինայի մասին զրուցելու վրա»։ Գրեհեմը կարծում է, որ Պուտինը «չի կարող հաղթել»: Նրա կարծիքով, պատերազմի ավարտը կարող է հանգեցնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցելուն, սակայն Թրամփը «քիչ է խոսում այդ մասին»։
Թրամփի նախընտրական շտաբը պնդում է, որ նրա ծրագրի վերաբերյալ ցանկացած շահարկում «բխում է անանուն եւ անտեղյակ աղբյուրներից, որոնք գաղափար չունեն, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ է լինելու»:
«Նախագահ Թրամփը միակն է, ով խոսում է սպանությունը դադարեցնելու մասին», — ասել է նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լեւիթը: