Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունները, որոնք ընթանում են Կահիրեում, զգալի առաջընթաց են արձանագրել, հաղորդում է եգիպտական Al Qahera News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայից ստացված տեղեկատվությանը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատվիրակությունները կլքեն երկիրը մի քանի ժամվա ընթացքում, իսկ ՀԱՄԱՍ-ի եւ Քաթարի պատվիրակությունները կմեկնեն Դոհա եւ հետ կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնություն կնքելու համար։ Ըստ աղբյուրի, բանակցությունները կշարունակվեն մոտ 48 ժամ։
Պաշտոնյան նաեւ նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերի միջեւ կոնսենսուս է ձեռք բերվել մի քանի առանցքային վիճելի հարցերի շուրջ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կիրակի օրը հայտնել է, որ իր պատվիրակությունը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ։ Շարժման հիմնական պայմաններն են «լիակատար զինադադարը, իսրայելցի զինվորականների դուրսբերումը Գազայի հատվածից, տեղահանվածների անարգել վերադարձը իրենց բնակության վայրերը, Պաղեստինի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրման ապահովումը, շրջանի վերակառուցումը, ինչպես նաեւ գերիների փոխանակման գործարքի ավարտը, ըստ որի պաղեստինցի բանտարկյալները պետք է ազատ արձակվեն Գազայում պահվող իսրայելցի պատանդների դիմաց»։
Կահիրեում այս պահին ընթանում է Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման բանակցությունների նոր փուլը։ Ինչպես շաբաթ օրը հայտնել է եգիպտական բարձրաստիճան աղբյուրը Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում, բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, Քաթարի վարչապետ եւ արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ-Թանին եւ Իսրայելի պատվիրակությունը։ ՀԱՄԱՍ-ը բանակցություններին կներկայացնի Գազայի հատվածում շարժման ղեկավարի տեղակալ Խալիլ ալ Հայյայի գլխավորած պատվիրակությունը։