Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ՌԴ ԱԴԾ) հրապարակել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակների հարցաքննության նոր տեսանյութը։
Ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննության ժամանակ պատմել են, որ իրենց առաջադրանքներ է տվել ոմն Սայֆուլոն, ինչպես նաեւ խոստովանել են, որ Crocus –ի վրա հարձակումից հետո իբր պատրաստվում էին մեկնել Ուկրաինա։
Տեսագրության մեջ առաջինը ցուցադրվում է Դալերժոն Միրզոեւը։ Պատասխանելով այն հարցին, թե ահաբեկչությունից հետո հարձակվողների խումբը ինչ ծրագրեր է ունեցել, նա ասում է. «Դեպի Կիեւ»։
Երկրորդ մեղադրյալը՝ Սաիդակրամի Ռաչաբալիզոդան, պատմում է. «Սայֆուլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա՝ Կիեւ։ Եվ այնտեղ մեկ միլիոն ռուբլի կտան»։
Երրորդ մեղադրյալ՝ Մուհամմադսոբիր Ֆայզովը, տեսագրության մեջ պատմել է, որ իրենց բոլորին միլիոն ռուբլի են խոստացել։ Նրա խոսքով Սայֆուլոն խոստացել էր, որ հարձակումից հետո իրենց կսպասեն Ուկրաինայի հետ սահմանին, որտեղ էլ նրանց կոգնեն նախ անցնել սահմանը, ապա նաեւ հասնել Կիեւ։
Հարձակման մեջ մեղադրվող չորրորդ անձը՝ Ֆարիդունի Շամսիդինն էլ, հավելել է. «Նա մեզ ասաց. «Գնացեք դեպի Կիեւ, եւ երբ հասնեք սահմանի, թողեք ձեր մեքենան սահմանից ոչ հեռու եւ զանգահարեք ինձ, ես կօգնեմ ձեզ հետագա հարցերում»։
Հարցաքննության մոնտաժված կադրերը ներկայացնելուց հետո Ռուսաստանի Առաջին ալիքը հայտնել է, թե իբր ռուսական հատուկ ծառայությունները պարզել են, որ դեպի Ուկրաինա ահաբեկիչների ուղեւորվելու համար բացված է եղել երկու «միջանցք»։ Ըստ հեռուստաալիքի պնդման ուկրաինական կողմից «մաքրվել է» Սումիի շրջանի սահմանամերձ Չույկովկա եւ Սոպիչ գյուղերի մերձակա տարածքը։
Առաջին ալիքի ռեպորտաժում ցուցադրվել նաեւ իբր մեղադրյալների բջջային հեռախոսներում հայտնաբերված լուսանկարներ, որոնցում պատկերված են Ուկրաինայի զինանշանը եւ դրոշը։
Քննչական կոմիտեն պնդում էր, որ Crocus-ի վրա հարձակման մեջ մեղադրվողներից մեկի հեռախոսում նույնիսկ հայտնաբերվել է ուկրաինացի զինվորականի լուսանկար։