Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին The Telegraph պարբերականի համար գրած համատեղ հոդվածում նշել են Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Դեյվիդ Քեմերոնը եւ Ստեֆան Սեժուրնեն։
«Եթե Ուկրաինան պարտվի, կպարտվենք մենք բոլորս։ Ուկրաինային հիմա չաջակցելու գինը շատ ավելի մեծ կլինի, քան Պուտինին տրվող հակահարվածինը»,-գրել են երկու դիվանագետները։
Նրանք հոդվածում ընդգծում են, որ Փարիզը եւ Լոնդոնը «հպարտ են» Ուկրաինային ցուցաբերած աջակցությամբ, որը իր մեջ ներառում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից մինչեւ հեռահար «Scalp» եւ «Storm Shadow» հրթիռների մատակարարում։
«Ուղիղ մեկ ամիս առաջ ուկրաինացի առաջին օդաչուներն ավարտեցին վերապատրաստումը Թագավորական ռազմաօդային ուժերում եւ սկսեցին պարապմունքները Ֆրանսիայի ռազմաօդային եւ տիեզերական ուժերում՝ որպես ժամանակակից F-16 կործանիչներիով Ուկրաինայի թռչելու կարողությունը զարգացնելու ծրագրի մաս»,-հավելում են Քեմերոնը եւ Սեժուրնեն։
Նրանք ընդգծում են, որ փետրվարին Փարիզի համաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պետք է անեն էլ ավելին Ռուսաստանի հաղթելու համար, քանի որ աշխարհը «հետեւում է» իրենց գործողություններին եւ «կդատապարտի», եթե պարտություն կրեն։
Դիվանագետները ընդգծում են, որ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համագործակցությունը զարգացում պետք է ստանա նաեւ այլ հարտություններում, ինչպիսին օրինակ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարն է։
«Չնայած մենք դատապարտում ենք Պուտինի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայում, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ռուս ժողովրդին Crocus City Hall-ում Իսլամական պետության իրականացված սարսափելի բռնությունից հետո»,-գրված է հոդվածում։
Քեմերոնը եւ Սեժուրնեն կարեւոր են համարում նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ առանց ածխածնի էներգիայի համակարգերի զարգացման հանձնառնության մեջ անսասան աշխատանքը։