Կատալոնիայի ղեկավար Պերե Արագոնեսը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ շրջանի անկախության հանրաքվեն կհանդիսանա քաղաքական հակամարտության կարգավորման միակ միջոց։
Ելույթ ունենալով Սենատում (խորհրդարանի վերին պալատ) Կատալոնիայի անջատման կողմնակիցներին հմաներում շնորհելու հարցով լսումների ժամանակ, ինքնավարության ղեկավարն հայտարարել է, որ պլեբիսցիտը «անհրաժեշտ է իսպանական պետության եւ կատալոնական ժողովրդի ինքնիշխանության շուրջ հակամարտությունը լուծելու համար»: Նրա խոսքով՝ հանրաքվեի կազմակերպումը «կախված է միայն կողմերի միջեւ համաձայնության գալու ցանկությունից»։
«Այսօր մենք այստեղ ենք համաներման մասին օրենքի հաստատման վերջնական փուլի համար, ինչը, ինչպես մեզ ասացին, անհնար էր։ Չնայած այս հայտարարություններին, մենք բոլորս գիտենք, որ եթե մենք այսօր այստեղ ենք, դա այն պատճառով է, որ համաներումը հանկարծ դադարել է հակասահմանադրական լինելուց, դադարել է անհնարին լինելուց»։ Այս առնչությամբ քաղաքական գործիչը ընդգծել է, որ վաղ թե ուշ հանրաքվեն նույնպես «կընդունվի որպես հակամարտության կարգավորման միջոց»։
Իսպանիայի իշխանությունները նախկինում բազմիցս հանդես են եկել շրջանի անկախության վերաբերյալ հիպոթետիկ պլեբիսցիտի դեմ:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում այդ ժամանակվա ղեկավարությունը հանրաքվե էր կազմակերպել թագավորությունից անջատվելու հարցի շուրջ։ Մադրիդն ի սկզբանե հանրաքվեն անվանել էր ոչ լեգիտիմ եւ հրաժարվել էր ճանաչել դրա արդյունքները։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետություն հռչակող բանաձեւը։ Ի պատասխան՝ Իսպանիայի իշխանությունները հայտարարեցին սահմանադրության 155-րդ հոդվածի գործարկման մասին, որը հնարավորություն տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը։