Բազալտե, մարմարե, մեծ կամ փոքր տախտակ, վրան էլ փորագրած հայտնի կամ անհայտ անուն։ Այսպիսի հուշատախտակների միջոցով փորձում ենք հիշել «մեր մեծերին»։
Ովքե՞ր կարող են ունենալ հուշատախտակ։ Օրինակ իմ կամ քո անունը կարո՞ղ ենք գրել ու հավերժ թողնել քաղաքի պատերին։
Ինչպե՞ս Հայաստանում ունենալ հուշատախտակ
Հայաստանում հուշատախտակների տեղադրումը կարգավորվում է 1999 թվականի օգոստոսի 31-ին ընդունված N 551-Ն որոշմամբ։ Կարգավորողը Կազմակերպական վարչությունն է:
Հուշատախտակ կարող են ունենալ հասարակությանը եւ պետությանը հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիները։
Հուշատախտակի տեղադրման համար հարազատները ներկայացնում են տվյալ անձի կենսագրությունը, տեղադրման տեղը, ինչպես նաեւ առաջարկում են հուշատախտակի էսքիզային տարբերակը։ Իսկ ավագանու նիստը որոշում է հուշատախտակի ճակատագիրը։
Դիզայնը՝ ըստ ճաշակի
Հուշատախտակներն այժմ ունեն ամենատարբեր ձեւերն ու գեղագիտական լուծումները, փաստացի մեկ ընդհանուր էսքիզ չկա։ Դիզայնը որոշում են հարազատները՝ ըստ իրենց ճաշակի եւ գրպանում եղած գումարի։
Չնայած նրան, որ Կառավարության N 1910-Ն որոշման մեջ կա հուշատախտակի էսքիզային տարբերակի պահանջ, այն ոչ ոք չի օգտագործում, պարզապես ստեղծել են ծախսերը հաշվարկելու նպատակով։
Կազմակերպական վարչության պետի տեղակալ Րաֆֆի Գյոզալյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքի պատերին առկա են հուշատախտակներ, որոնք տեղադրվել են առանց քաղաքապետարանին որեւէ իրազեկում տալու եւ առանց համապատասխան որոշման։
«Քաղաքապետարանն աշխատում է N 551-Ն որոշմամբ սահմանված նորմերով։ Տեսքի հետ կապված որոշումը կայացնում է ավագանին՝ տեղադրող կողմի ներկայացրած էսքիզների համաձայն»,- ասաց Րաֆֆի Գյոզալյանը։
Կազմակերպական վարչությունից նաեւ ասացին, որ հուշատախտակների խնամքի համար պատասխանատու է տեղադրողը։ Իսկ, թե ով պետք է վերահսկի այն անձանց հուշատախտակները, որոնց սերունդները ողջ չեն կամ Հայաստանում չեն, ոչ ոք չգիտի։
Արդեն քանի տարի է ավագանու նիստերի ընթացքում քննարկվում է հուշատախտակների թեման եւ մեկ ընդհանուր էսքիզ ունենալու գաղափարը։ Տարիներ շարունակ գաղափարն ու քննարկումները կան, արդյունքը՝ չկա։
Աստղիկ Հովհաննեսով