Այսօր առավոտյան Բեյրութում վախճանվել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Հայ կաթողիկե եկեղեցու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը (նստավայրը՝ Լիբանան):
Հայ բարձրաստիճան հոգեւորականի վախճանվելու մասին լուրը հաղորդել է Հայ կաթողիկե պատրիարքությունը: Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը Հայ կաթողիկե եկեղեցու 20-րդ կաթողիկոսն էր:
Ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Հալեպում: 1938 թվականին ընտանիքը հաստատվել է Լիբանանում։
Նախնական կրթությունը ստացել է Նոթր-Դամ դպրոցում, մտել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության փոքր նորընծայարանը եւ հաճախել Լիբանանի Ֆրեր Մարիստ վարժարանը։ Ուսումն ավարտելուց հետո ուղարկվել է Հռոմի Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարան եւ վեց տարի հաճախել հիսուսյան հայրերի Քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության եւ աստվածաբանության դասերին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Լիբանան եւ քահանա ձեռնադրվել 1959 թվականի մարտի 28-ին Կարդինալ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյանի ձեռամբ։
1960 թվականին եղել է Զմմառի փոքր ընծայարանի փոխժողովրդապետ, 1962-1996 թվականներին՝ Բուրջ Համուդի Հայկական Մեսրոպյան Վարժարանի տնօրեն, 1969-1975 թվականներին՝ Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության ղեկավար եւ քարտուղար։
1976 թվականին նշանակվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմում ծառայելու, 1977 թվականի հունվարի 3-ին Պողոս Զ Սրբազան Պապը նրան նշանակել է Ամիդի (Դիարբեքիր) տիտղոսավոր եպիսկոպոս։ Եպիսկոպոս է օծվել 1977 թվականի փետրվարի 13-ին Բուրջ Համուդի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ 1986 թվականի հունիսի 20-ին Հովհաննես Պողոս Բ Սրբազան պապը Ֆրանսիայի հայ կաթոլիկների համար ստեղծում է Փարիզի Սուրբ Խաչ թեմը եւ նրան նշանակում այդ թեմի առաջին եպիսկոպոս։
1997 թվականին ավարտել է «Քրիստոնէական Կաթողիկէ Եկեղեցւոյ» արեւմտահայերեն թարգմանության հրատարակությունը։ 1997 թվականից 2014 թվականը եղել է Հռոմի Քահանայապետական Լեւոնյան Հայ Վարժարանի ընդհանուր մատակարարը։
2015 թվականի հունիսի 25-ին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի մահից հետո, ըստ Արեւելյան Եկեղեցիների կանոնակարգի, նշանակվել է որպես Հայ Կաթողիկե Եկեղեցու կառավարիչ՝ մինչեւ նոր պատրիարքի ընտրությունը: 2015 թվականի հուլիսի 25-ին Հայ Կաթողիկե Պատրիարքական Եկեղեցու Սինհոդոսական Հայրերը նրան նշանակում են Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Գրիգոր Պետրոս Ի Գապրոյան անվամբ:
Հայ կաթողիկե եկեղեցին պատկանում է Արեւելյան Կաթոլիկ Եկեղեցիներին եւ այսպիսով ենթարկվում է Հռոմի Պապի առաջնորդությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարն առաջացել է 12-րդ դարի վերջին՝ Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Երկիր ճամփորդող խաչակիրների եւ տեղի հոգեւորականության միջեւ կապերի հաստատումից ի վեր։
Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգեւորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV-ը Աբրահամ Պետրոս Ա Արծիւեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը։