ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը առաջարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիր՝ ներառյալ պատանդների ազատ արձակումը եւ խաղաղ բնակիչների վերադարձը Գազայի հատվածի հյուսիս։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով Կահիրեում կայացած բանակցությունների արաբ միջնորդներին։
Ապրիլի 7-ի գիշերը հրապարակված ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը վեց շաբաթյա զինադադարի ընթացաքում պետք է ազատ արձակի Գազայի հատվածում դեռեւս պահվող ավելի քան 100 պատանդներից 40-ին՝ Իսրայելի բանտերից 900 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, որոնց թվում կորղ են լինել նաեւ ահաբեկչության մեղադրանքով դատապարտված 100 անձ։
Բերնսը ՀԱՄԱՍ-ին նաեւ կոչ է արել տրամադրել 40 պատանդների ցուցակը, այդ թվում՝ հինգ կին զինվորականների, որոնց շարժումը պատրաստ է ազատել, եւ գտնել փոխզիջում, որի համաձայն պաղեստինցի բանտարկյալները կարող են ազատ արձակվել Իսրայելի բանտերից: Շարժումը այս առաջարկներին դեռ չի արձագանքել։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բերնսը շաբթ օրը ժամանել էր Կահիրե, որտեղ մասնակցել էր Գազայում պահվող պատանդներին ազատելու գործարքի շուրջ բանակցություններին: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ գործարքի ներկա առաջարկը ներկայացվել է ՀԱՄԱՍ-ին եւ այժմ կողմերը սպասում են պատասխանին:
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջեւ հրադադարի եւ պատանդների փոխանակման բանակցություններում առաջընթացի խոչընդոտը, ինչպես վկայում է WSJ-ն, հակամարտության ընթացքում Գազայի հարավ տեղահանված խաղաղ բնակչության մի մասի վերադարձի շուրջ փոխզիջումների բացակայությունն էր: