Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Գյումրի, Արարատ, Հրազդան քաղաքներում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Օդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» մարտ ամսվա մտահոգող տվյալներն են:
Եթե Արարատի եւ Հրազդանի փոշոտ լինելը հանքարդյունաբերության, ցեմենտի արտադրության պատճառով են, Գյումրիի դեպքում՝ հնարավորությունների պակասի, երբեմն էլ անփութության հետեւանք են:
Թե ինչու Գյումրին փոշոտ լինելու «տիտղոսը» այլ համայնքների չի զիջում, պատճառները բազմաթիվ են: Բնապահպան Գեւորգ Պետրոսյանը թվարկում է դրանցից մի քանիսը. երկրաշարժի հետեւանքով առաջացած եւ անկանոն թափված շինաղբը, քանդված փողոցները, վերջին տարիներին մեկնարկած լայնածավալ շինարարությունը եւ կանաչապատ տարածքների խիստ կրճատումը:
«Շինհրապարակները չեն մեկուսացվում, փողոցները նորոգելու ժամանակ այլընտրանքային ճանապարհներ չեն բացվում, ջրցան մեքենաների թիվը խիստ սակավ է: Ճիշտ է, համայնքը ձեռք է բերել որոշակի սարքավորումներ, բայց դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ օդում առկա փոշին նվազեցնելու վրա»,-ասում է բնապահպանն ու ցավով փաստում, որ կրկին հույսերս բնության բարեհաճության վրա է՝ անձրեւ գա, մաքուր օդ շնչենք:
Գալով մոնիթորինգի կենտրոնի՝ օդում փոշու պարունակության հրապարակած թվերին, Գեւորգ Պետրոսյանը հավելում եւ հիշեցում ունի. «Մենք այսօր Գյումրիում ունենք օդի մոնիթորինգի մեկ դիտակայան, որը գտնվում է կանաչ տարածքում, հետեւաբար դիտարկվածը չի կարող արտացոլել ամբողջական պատկերը: Բացի այդ, հրապարակվում է միջինացված հաշվարկը. ասինքն՝ օրվա ոչ փոշոտ ժամերը միջինացվում է փոշոտվածության ուժեղ պիկի հետ՝ մեղմելով տվյալը»: Բնապահպանն ասում է՝ բնավ հոռետեսություն չկա իր խոսքում, որ Գյումրիում ցերեկվա ժամերին փոշու քանակությունն օդում տասնապատիկ ավելին է, քան մեզ հրամցված տվյալներում նշվածը:
Ի՞նչ անել, ումի՞ց մաքուր օդ պահանջել… Գեւորգ Պետրոսյանը դեղատոմսը վաղուց գիտի, բայց թե ո՞վ է դրան հետեւում, դա էլ մեդալի հակառակ կողմն է: «Առաջին հերթին լրջագույն ուշադրություն դարձնել է պետք կանաչապատ տարածքների ավելացմանը, դա է օդի որակի լավացման մեխանիզմը: Պետք է կանաչապատել թե՛ կենտրոնը, թե քաղաքն օղակող տարածքները, որ գյուղատնտեսական փոշին քաղաք չգա»:
Բացի այդ, օդը փոշուց մաքրելու համար անհրաժեշտ է քաղաքում պատշաճ սանիտարական մաքրում ու ջրցան մեքենաների ավելի հաճախակի եւ մասսայական օգտագործում:
Բնապահպանը փաստում է, որ ըստ նշանակության կանաչապատ շատ տարածքներ փաստացի այդպիսին չեն: Քաղաքում ամեն քայլափոխի տեղադրված տաղավարների համար ծառեր հատվեցին, հիմա դրանք հանվում են, բայց տարածքը դառնում է մայթ կամ ասֆալտապատ տարածք:
Ծառերի ոչնչացման պատճառներից մեկն էլ դարձավ էլկտրալարերի ստորգետնյա անցկացման գործընթացը: Փորվեցին գազոնները, վնասվեցին ծառարմատները, ինչի պատճառով բազմաթիվ ծառեր չորացան:
Ծառերի ու կանաչ տարածքների մասսայական ոչնչացումը, բնության հանդեպ մարդու ոչ մարդկային վերաբերմունքն ի՞նչ հետեւանքների կհանգեցնեն, ինչպե՞ս կդրսեւորվի մարդու օրգանիզմի վրա անվերջ փոշի շնչելը:
Բժիշկ Հարություն Դավթյանն ամեն օր է առնչվում փոշու հետեւանքով առաջացած առողջական խնդիր ունեցող հիվանդների հետ: Բացատրում է՝ փոշին մուտք է գործում վերին շնչուղիներ, ախտահարում եւ առաջացնում է տեղային իմունիտետի ընկճում, արդյունքում օրգանիզմը չի կարողանում պայքարել վիրուսների եւ ինֆեկցիաների դեմ:
«Բոլորս ենք նկատել, որ այժմ շատ են հաճախակիացել վիրուսային հիվանդությունների բռնկումները, հատկապես քաղաքային բնակավայրերում»,-ասում է բժիշկը եւ փաստեր արձանագրում, որ զարգացած երկրներում, որտեղ համակարգված պայքար են տանում օդում փոշու նվազեցման դեմ, նման խնդիր չկա, կամ մինիմալի է հասցված:
Բժիշկ Դավթյանը չի՛ վախեցնում, բայց չզգուշացնել էլ չի կարող. տարիներ շարունակ փոշոտ քաղաքում ապրելը բերում է թոքերի ախտահարման: Եթե նախկինում փոշի շնչելու հետեւանքով առաջացող՝ սիլիկոզ, ազբեստոզ եւ այլ ծանր հիվանդություններով ախտահարվում էին միայն հանքերում աշխատողները, այժմ դրանք հանդիպում են նաեւ փոշոտ քաղաքների բնակիչների մոտ:
Որքանո՞վ ահազանգը կհասնի հասցեատերերին, կարվե՞ն գործուն քայլեր քաղաքը փոշուց փոքր-ինչ մաքրելու համար, հայտնի չէ, բայց որ փոշին Գյումրիում, իսկապես, անբնական շատ է, տեսնում եւ հետեւանքը կրում են բոլորը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։