Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Իրանից բխող սպառնալիքը, շիայական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատումը եւ Գազայի հատվածում իրավիճակի զարգացումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ գիշեր նախարար Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Օսթինի հետ։ Նախարարները քննարկել են իրանական ագրեսիայից բխող շարունակական սպառնալիքները, այդ թվում՝ իրանական պրոքսի «Հեզբոլլահ» շարժման միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում գործողությունների համակարգմանը։
Բացի այդ, Գալանտը, ինչպես նշվում է հաղորդագրության տեքստում «Օսթինին տեղեկացրել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ պատերազմի առաջընթացի մասին՝ կենտրոնանալով 133 պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերի վրա»։
Ըստ հայտարարության Գալանտը Օսթինին տեղեկացրել է նաեւ Գազայում իրականացվող գործողությունների եւ զորքերին ապագա առաջադրանքների համար նախապատրաստելու ձեռնարկված միջոցների, ինչպես նաեւ շրջանին մարդասիրական օգնության մատակարարման գործընթացը հեշտացնելու գործողությունների մասին։
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը «երախտագիտություն է հայտնել Օսթինին եւ ԱՄՆ վարչակազմին՝ այս հարցում իրենց առաջնորդության համար»։