ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դեւիդ Վալադաոյի՝ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին ուղղած կոչին՝ հորդորելով դադարեցնել ԱՄՆ-ի որեւէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաեւ Բայդենին կոչ է արվում հրատապ կերպով վերանայելու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշումը:
«Ամերիկյան հարկերից գանձված անգամ մեկ դոլար չպետք է ուղարկվի՝ զինելու նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկրի, որը Արցախը էթնիկական զտման ենթարկեց, շարունակում է պահել հայ ռազմագերիներին, իսկ հիմա օկուպացրել է տարածք Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է կոնգրեսական Դեւիդ Վալադաոն:
Նա ընդգծել է, որ եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա ԱՄՆ Կոնգրեսը օրենքով պետք է արգելի Ալիեւի ռեժիմին որեւէ տեսակի զենքի կամ աջակցության ցուցաբերումը:
Կոնգրեսականների նամակում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող դերակատարում ունենալ տարածաշրջանում, հարձակում է գործում հայերի դեմ նրանց իսկ հայրենիքում, ինչպես նաեւ տապալում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնելու ԱՄՆ որեւէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- նշված է նամակի եզրափակիչ հատվածում: