Եվրոպայում լայնամասշտաբ հակամարտությունը «այլեւս ֆանտազիա չէ», եւ եվրոպացիները պետք է նոր ուղիներ գտնեն՝ ֆինանսապես պատրաստվելու մայրցամաքում հավանական մեծ պատերազմին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում տնտեսական ֆորումի ժամանակ հնչեցրած ելույթում։
Բորելի խոսքերով Ռուսաստանը «սպառնում է Եվրոպային» Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմով եւ ԵՄ անդամ երկրների վրա հիբրիդային հարձակումներով։ «Դա [պատերազմը] չի սկսվելու վաղը, բայց մենք չենք կարող հերքել իրականությունը», — ասել է դիվանագետը:
2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց հետո, եվրոպական երկրները չեղարկել են տասնամյակներ շարունակ պահպանվող պաշտպանական ծախսերի կրճատման քաղաքականությունը եւ ակտիվացրել են իրենց պաշտպանական արդյունաբերական արտադրության կարողությունները բարձրացնելու ծրագրերը:
ԵՄ գլխավոր դիվանագետը նաեւ անդրադարձավ եվրոպացիների աճող վախին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձի կապակցությամբ, ով սպառնացել է չպաշտպանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար ֆինանսական ներդրումներ չեն կատարում պաշտպանության ոլոչտում:
«ԱՄՆ անվտանգային հովանոցը, որին մենք ապավինել ենք Սառը պատերազմից ի վեր, կարող է միշտ բաց չլինել: Միգուցե, կախված նրանից, թե ով է կառավարում Վաշինգտոնում, մենք չկարողանանք ապավինել Ամերիկային՝ մեզ պաշտպանելու համար: Դաշինքի շրջանակներում առանձին անդամների առաջնահերթությունները կարող են փոխվել»,-ասել է Բորելը։