Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ եզրակացությունն այն է՝ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից հետո Լեռանյին Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ Լեռանյին Ղարաբաղի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլեւս պատրաստ է եղել ու անփոփոխելի արձանագրմամբ՝ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։ Այս արձանագրումից խուսափելու եւ անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ, «պավադոկ» հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Նրա գնահատականով 2016 թվականից ի վեր առկա բանակցակային հնարավորությունները ուղղված են եղել «ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելուն», որի նպատակը Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները եւ որպես անկախ ու ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեին։
Շարունակելով միտքը Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պետականությունը «զրոյացնելու հաջորդ փորձը» եղել է 2021թ-ի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրա խոսքերով կային ուժեր, որոնք Երեւանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա Հայաստանին օգնության, քանի որ նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։
«Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ Հայաստան, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանի Հանրապետությանը դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Եթե կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին եւ նման շեշտադրումներին՝ իրադարձությունները կարող էին ընթանալ հետեւյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի ինքնիշխան տարածքների խորքում, Ազգային ժողովի ընտրությունների չկայացում՝ այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ՝ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձեւավորում եւ Հայաստանի պետականության փաստացի լուծարում»,-ասել Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը հաջորդիվ ընդգծեց, որ հետագայում արդեն տեղի ունեցած ԱԺ ընտրություններով վստահության մանդատ ստացավ «իրական Հայաստանը»։
«Այդ դժվարին պայմաններում մենք կարողացանք ունենալ ընտրություններ, որոնք միջազգայնորեն գնահատվեցին որպես ազատ ու ժողովրդավարական։ Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ժողովուրդը վստահության քվե տվեց 2018 թ-ի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշա հեղափոխություն առաջնորդած քաղաքական ուժին։ Սրանով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը, գուցե ինտուիտիվ կամ գուցե գիտակցված, Հայաստանի ժողովուրդը որդեգրեց հենց այս ռազմավարությունը»,-նշել է վարչապետը։
Նրա խոսքով «Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն» էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ, «երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարեւոր որոշումներ եւ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը»։