Հայաստանը դեմ չէ Ադրբեջան հետ սահմանների սահմանազատումը սկսել Տավուշի 4 գյուղերի հատվածներից, սակայն դա անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի արդյունքների մասին քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս համատեքստում հաճախ են հնչում հետեւյալ տրամաբանությունն ունեցող հարցեր. իսկ այդ հատվածներում սահմանազատումը եւ դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում եւ այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք», — հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքերով պետք է չեզոքացվեն բացասական բոլոր երաշխիքները, քանի որ իր նշած գործելաոճը ՀՀ տարածքի վրա նոր հարձակման սպառնալիքը նույնպես չի վերացնում։
«Իսկ Տավուշի մարզի նշյալ հատվածում սահմանազատումը եւ դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը եւ կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները եւ այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնել»,-նշել է վարչապետը եւ հավելել․ «Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ Հայաստանի տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»։