Այս տարի գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրեր դեռեւս չեն կնքվել։ Ֆերմերները մտահոգ են․ եղանակը չի սպասում, ռիսկերը երբեմն անկանխատեսելի են։
2019 թվականից Հայաստանում մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որը կամավոր էր։ Ֆերմերներն իրենց մշակած պտուղ-բանջարեղենն ապահովագրում էին գարնանային ցրտահարությունից, կարկտահարությունից եւ հրդեհից:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թվականին կնքվել է 1541 պայմանագիր 2500 հեկտարի համար, 2021 թվականին՝ 4278 պայմանագիր 5832 հեկտարի համար, 2022 թվականին՝ 5091 պայմանագիր 6444 հեկտարի համար, իսկ 2023 թվականին՝ 10192 պայմանագիր ավելի քան 11 հազար հեկտարի համար։
Ֆերմերները կարող են ապահովագրել պտուղ-բանջարեղենի հետեւյալ տեսակները՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, աշնանացան եւ / կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլ, ձմերուկ եւ սեխ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023 թվականին, ապահովագրավճարների գերակշիռ մասը՝ մոտ 75%-ը, բաժին է ընկել ծիրանին։ 2-րդ տեղում հացահատիկային մշակաբույսերն են՝ մոտ 11% մասնաբաժնով, իսկ 3-րդ տեղում կարտոֆիլը՝ մոտ 5%-ով:
2023 թվականի ապահովագրավճարի տեսակարար կշիռներն ըստ մշակաբույսի
Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում էր պետության աջակցությամբ։ Մինչեւ 2023 թվականը ֆերմերներին տրամադրվել է ապահովագրավճարի 50-60%-ի չափով սուբսիդավորում (կախված ապահովագրված պրոդուկտի տեսակից)։
Վնասի գնահատման գործընթացը կատարվում էր բերքահավաքի ժամանակ՝ հատուկ կարգով, որը մշակել է Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը։ Հաճախորդի ընտրած ծածկույթով, վնասի չափով պայմանավորված` ըստ մեթոդաբանության, հաշվարկվում էր հատուցման գումարը։
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կնքում էին երեք ընկերություն՝ «Ռոսգոսստրախ-Արմենիան», «Ինգո Արմենիան», «Սիլ Ինշուրանսը»։
Նախորդ չորս տարվա ընթացքում պայմանագրերի կնքումը մեկնարկում էր յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ից եւ ավարտվում ամենաուշը մարտի վերջին, իսկ որոշ տեսակներ՝ ապրիլին եւ մայիսին։
Ժամանակացույցը սահմանվել էր՝ ելնելով բնակլիմայական պայմաններից ու տարերային աղետների հասցրած հնարավոր վնասի ժամանակահատվածից: Փաստորեն, պտուղ-բանջարեղենի որոշ տեսակների համար ապահովագրական պայմանագրերն արդեն իսկ պիտի կնքված լինեին, մինչդեռ այս տարի դրա հետ կապված՝ դեռեւս ոչ մի հայտարարություն չի արվել։ Էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից տեղեկացանք, որ հարցը դեռ քննարկման փուլում է։
Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ բնակավայրի բնակիչ Ռոման Հովհաննիսյանը 0,4 հեկտար ծիրանի այգի ունի։ Ասում է՝ մինչեւ քննարկումներ լինեն ու որոշում կայացվի, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հնարավոր է՝ ցրտահարություն կամ կարկտահարություն լինի։
2023 թվականին ցրտահարություն գրանցվել է մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ը Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզի որոշ բնակավայրերում։
«Գարնանային ցրտահարության ամենամեծ վտանգը սովորաբար մայիսին է լինում, բայց մենք դեռ պայմանագրեր չենք կնքել։ Էլ ե՞րբ կհասցնենք։ Նախորդ տարի բերքը մասնակի ցրտահարվեց, բայց քանի որ այգին ապահովագրել էի,մոտ 600 հազար դրամ փոխհատուցում ստացա․ դժգոհ չէի։ Իսկ այս տարի չգիտենք՝ ինչ կլինի»,- մտահոգվում է Հովհաննիսյանը։
Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայրում ապրող Էդիկ Ավագյանը եւս պտղատու ծառերի այգիներ ունի։ Եթե հանկարծ ցրտահարություն լինի, անելանելի վիճակում կհայտվի։ Այգեգործը հույս ունի, որ գոնե առաջիկայում գյուղացիները այգիներն ու բանջարանոցներն ապահովագրելու հնարավորություն կունենան։
Մարտի 24-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված՝ խնդիրներ կան։ Նախարարը վստահեցրեց՝ սերտորեն աշխատում են Կենտրոնական բանկի, ապահովագողների եւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի հետ, որպեսզի կարողանան աշխատանքները սկսել։
«Իհարկե, կարող ենք համարել, որ մի փոքր ուշացել ենք։ Խնդիրը հետեւյալն է․ մեր ապահովագրական ընկերություններն, ըստ էության, վնասով են աշխատել։ Իրենց էլ վերաապահովագրել էր օտարերկրյա ընկերություն, որն այս տարի ցանկություն չի հայտնել կրկին աշխատելու։ Եթե այդ գործիքը չի աշխատում, մեր մոտեցումների մեջ պիտի փոփոխություն մտցնենք»,- ասաց նախարար Պապոյանը։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ասում է՝ Կառավարությունը ջանում է անել այնպես, որ հնարավորինս քիչ գումար ծախսի գյուղատնտեսական ռիսկերը մեղմելու համար։ Եվ դեռ հարց է՝ վերաապահովագրող օտարերկրյա ընկերությունն ինչո՞ւ է հրաժարվել․ գուցե մեր երկրի համապատասխան մարմիններն են այնպիսի պայմաններ առաջադրել, որ այդ ընկերությունը չի համագործակցել։
«Վերաապահովագրող ընկերությունները շատ խոշոր են, իսկ մեր երկրում գյուղատնտեսական ոլորտն այնքան մեծ չէ, որ նրանք հսկայական վնասներ կրելու հետ կապված մտահոգություններ ունենային։ Պարզապես Կառավարությունը ճիշտ մոտեցում չի ունեցել, արդյունավետ աշխատանք չի տարել այդ կազմակերպության հետ»,- բացատրում է գյուղատնտեսը։
Ըստ նրա՝ եթե անգամ հիմա վերաապահովագրական ընկերություն գտնվի, որը կցանկանա համագործակցել մեր երկրի համապատասխան մարմինների հետ, ուսումնասիրություններ, մոնիթորինգ պետք է իրականացվի, պայմանագիր պետք է կնքվի, որի համար շուրջ մեկ ամիս է անհրաժեշտ։ Գյուղատնտեսը մտահոգ է․ եթե մայիսի վերջին, հունիսի սկզբին ծիրանն արդեն հասնում է․ ֆերմերներն էլ ե՞րբ են հասցնելու ապահովագրել այգիներն ու բանջարանոցները։
«Բարեբախտաբար, այս տարի ցրտահարության ռիսկերը նվազագույնի են հասել։ 2024 թվականն ավելի տեղումնառատ է լինելու, ջերմաստիճանն էլ 1-2 աստիճան ավելի բարձր է միջին վիճակագրական տվյալների համեմատ։ Բայց կարկուտի ռիսկեր կան։ Գյուղատնտեսական ռիսկերն, իսկապես, փոքր չեն»,- եզրափակում է գյուղատնտեսը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։