Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին եւ Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանը փոխադարձ համաձայնագիր են ստորագրել երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցերի համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր ստորագրված առանց վիզայի ռեժիմի ներդրման մասին համաձայնագիրը մեր քաղաքացիների համար կհեշտացնի Չինաստան ուղեւորվելը։ Իհարկե, դա նոր խթան կհաղորդի մեր երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին եւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը»,-հայտարարել է Դարչիաշվիլին համաձայանգրի ստորագրումից հետո։
Դեսպանն իր հերթին նշել է, որ առանց վիզայի ռեժիմն ավելի մեծ հնարավորություններ կտա վրացի եւ չինացի գործարարներին, ովքեր կկարողանան փոխայցելություններ իրականացնել համագործակցության հարցերը քննարկելու եւ ներդրումներ ներգրավելու համար։
Վրաստանի եւ Չինաստանի քաղաքացիների այցելությունները կարող են տեեւել մինչեւ 30 օր։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, ինչպես նշվում է, երկու պետությունների կողմից ներքին իրավական ընթացակարգերի ավարտից հետո։
2023 թվականի հուլիսի վերջին Վրաստանը եւ Չինաստանը հայտարարեցին երկկողմ ռազմավարական գործընկերության հաստատման մասին։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախորդ տարվա սեպտեմբերին էր դեռ հայտարարել Չինաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու իր որոշման մասին։ Ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ այս տարվա փետրվարին հայտարարեց Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու Չինաստանի իշխանությունների որոշման մասին։