Հայաստանում բիզնես ոլորտն աջակցության կարիք ունի: Գործարարին սատարելու մղումով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ՀՀ Կառավարության հետ համատեղ ներդրումային խորհուրդ են ձեւավորել, որին աջակցում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի գործընկերն է: Խորհուրդը համակարգում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի փորձարարական թիմը, որն օրենսդրական բարեփոխումների նախագծեր է մշակում, ներկայացնում կառավարությանը։ Նպատակն է, որ օրենքը լինի գործարարի կողմից եւ նա զգա, որ իր ներուժը մեծ է, պետությունն էլ ոչ թե խանգարում, այլ օգնում է:
ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանն ասում է՝ քարտեզագրված խնդիրներն օդից չեն վերցնում, ո՛չ էլ փակ սենյակում նստած խնդիր են «հորինում»: «Շրջում ենք մարզերում, ոլորտային քննարկումներ անում խնդիրներն իրենց մաշկի վրա զգացող գործարարների հետ: Մեր՝ Կառավարությանը ներկայացրած առաջարկները հիմնված են այդ ուսումնասիրությունների վրա»:
Թիմի ներկայացրած վերջին՝ բարեփոխումների չորս փաթեթները Կառավարության սեղանին է դրվել եւ հավանության արժանացել: Թե ինչ նոր առաջարկներ են դրանք եւ որքանով են առնչվում շիրակցի գործարարներին, պարզ դարձավ Գյումրիում կայացած տեղեկատվական հանդիպման ընթացքում:
Շուրջ յոթ տասնյակ բիզնեսի ու ֆինանսական կառույցների շիրակցի ներկայացուցիչներին ներկայացվեց «0-4% բիզնես վարկերից մինչեւ եկամտային հարկի վերադարձ. աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար» օրենսդրական բարեփոխումների մանրամասները:
Գործարարներն իմացան, որ եթե արտադրություն են իրականացնում դարն ապրած սարքավորումներով կամ բիզնեսը թվայնացնելու համար միջոցներ չունեն, կարող են օգտվել պետության սուբսիդիայից` վարկի համար վճարելով 0-4%։
Իսկ եթե լավ սարքավորումը կա, որակյալ հումքը կա, բայց գործի գիտակ մասնագետ չկա, կարող են բարձր որակավորում ունեցող մասնագետ հրավիրել թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Պետությունը պատրաստ է բիզնեսը բարձրացնող հրավիրյալ մասնագետի աշխատավարձի 20-50%-ը փոխհատուցել: Սակայն «խնամի-ծանոթ-բարեկամ» կապն այստեղ անզոր կլինի. պարտադիր է, որ մասնագետն աշխարհի լավագույն 400 համալսարաններից մեկում ուսանած լինի կամ առնվազն 10 տարի աշխատած լինի միջազգայնորեն ճանաչված առաջատար ընկերություններում:
Աջակցության ծրագրի հաջորդ կետը գործատուի եւ աշխատանք փնտրողի համար կարեւոր խնդիր է լուծում. փորձ չունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուն կարող է հետ ստանալ նրանց եկամտահարկը` մեկ տարվա համար:
Նոր ընդունված օրենքով սուպերմարկետների տերերն ու մթերող ընկերություններն այլեւս չեն կարող օգտվել իրենց գերակա վիճակից, որ երբ ուզեն զանգեն մատակարարին ու հրաժարվեն ապրանքից, կամ դրա համար վճարեն իրենց հարմար ժամանակ: Նրանք կպարտավորվեն վճարումներ անել` 30-օրյա եւ 60-օրյա ժամկետներում՝ համապատասխանաբար պարենային եւ ոչ պարենային ապրանքների համար:
«Մանթաշյանց» գործարարների Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արտակ Գեւորգյանը հանդիպման ընթացքում ներկայացված բարեփոխումների դրույթներն անհրաժեշտ է համարում: Բիզնեսի խնդիրներին քաջածանոթ է, դրանցից առաջնայինն ըստ Գեւորգյանի, միշտ եղել է եւ կմնա արտադրանքի կամ ծառայության վաճառքը: «Բիզնեսում ամեն ինչ շղթայական է: Լավ վաճառքի համար լավ արտադրանք է պետք, լավ արտադրանքի համար էլ՝ լավ մասնագետ»,-ասում է գործարարն ու նշում, որ ներկայացված բարեփոխումները բիզնեսի խնդիրների թիրախին են խփել:
Հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների խնդիրներով զբաղվող «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրանոուհի Հակոբյանն իրենց վերաբերող կետն է առանձնացրել. «Գործատուներին կուղղորդենք, որ աշխատաշուկայում խնդիրների բախվող հաշմանդամություն ունեցող երիտսարդներին ավելի հաճախ ներգրավեն. իրենց էլ է օգուտ՝ կօգտվեն եկամտահարկի վերադարձից»: Տիգրանուհին վստահեցնում է նաեւ, որ իր ղեկավարած՝ «Արեգակ» ներառական փուռ-արտադրաասում նոր աշխատողներ ներգրավելու մասին կմտածեն:
Նարեկ Սիմոնյանն արդեն մեկ տարի է, ինչ թռչնաֆաբրիկա է հիմնել, լորի ձու է արտադրում: Մեծ ներդրումներ է արել, բայց դեռ եկամտի համը չի տեսել: Նա ցավով նշեց, որ ներկայացված բարեփոխումներից եւ ո՛չ մեկից ինքը չի կարող օգտվել, դրանք ավելի շատ հասանելի են խոշոր արտադրողներին:
Նարեկը, սակայն, չի ընկճվում, երբ որ իր բիզնեսն էլ խոշորանա, հաստատ կօգտվի դրանցից որեւէ մեկից:
Եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհուրդը մինչ օրս իրականացրել է շուրջ 40 լայնածավալ օրենսդրական փոփոխություններ` ի շահ հայ գործարարի եւ արտադրողի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։