Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատել են զորահավաքի մասին նոր օրենքը։ Կողմ է քվեարկել 283 պատգամավոր, հայտարարել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ ընդգծելով, որ ինքը չի աջակցել այս օրենսդրական նախաձեռնությանը։
Այժմ, ինչպես գրում է «РБК-Украина»-ն, օրենքը պետք է ստորագրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որից մեկ ամիս անց այն ուժի մեջ կմտնի։
Զորահավաքին վերաբերվող նոր օրենքը, մասնավորապես, զորակոչի փոխարեն նախատեսում է հիմնական զինվորական ծառայություն՝ հինգ ամիս ժամկետով խաղաղ ժամանակ եւ երեք ամիս ժամկետով պատերազմական ժամանակ: Մինչեւ 24 տարեկան ուկրաինացիները կկարողանան ընտրել հիմնական ծառայության տարին եւ ժամկետը։
Օրենքը նախատեսում է նաեւ համակցված սպառազինության հիմնական ուսուցման ներդրում, որը 2025 թվականից լինելու է համալսարանական կրթության մաս՝ տղամարդկանց համար պարտադիր, իսկ կանանց համար՝ կամավոր սկզբունքով։
Զորակոչից խուսափողների եւ զինվորական հաշվառման կանոնները խախտողների համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ Ուկրաինայից դուրս գալու ժամանակավոր արգելք, ակտիվների առգրավում եւ մեքենա վարելու իրավունքի սահմանափակում։
Այս օրինագիծը Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացվել երկու անգամ։ Կառավարությունն այն առաջին անգամ ուղարկել է խորհրդարան 2023 թվականի դեկտեմբերին, սակայն հասարակական քննադատություններից հետո փաստաթուղթն ուղարկվել է վերանայման։ Օրինագծի նոր տարբերակը Գերագույն ռադա է ուղարկվել հունվարի սկզբին, փետրվարի սկզբին խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է փաստաթուղթը։