ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ։ Այս մասին РИА Новости գործակալությանը ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է իր առեւտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, եւ դա չի արվում որեւէ երկրի կամ միության դեմ։ […] Առեւտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որեւէ միությունների, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- ասել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությանը, եւ արդյո՞ք երկիրը պատրաստվում է դուրս գալ այս ինտեգրացիոն կառույցից։
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին նախորդող ասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Բրյուսելը հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին հաջորդող չորս տարիների ընթացքում՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման համար։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց հավելյալ 65 միլիոն դոլար աջակցության մասին։
Հայաստանի վարչապետն էլ իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել հանձնառած բարեփոխումների գործընթացը։